Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/181

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
ՖԵՈԴԱԼԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԸ

1. Երեք դասերը․ դասակարգային պայքար։ — Պատմական հիշատակությունները շատ սակավ տեղեկություններ են տալիս մեզ հայոց պատմության այն դարաշրջանի ներքին կյանքի մասին, երբ ստեղծվել և ապրել է մեր այս հերոսական վեպը մինչև նրա օգտագործումը պատմության համար։ Բայց վեպն ինքն իբրև բանաստեղծություն, իբրև մի այդպիսի պատմական հիշատակարան, իր մեջ բեմ է հանված ֆեոդալական հասարակության գխավորապես մեկ դասը, ռազմիկ ազնվականությունն իր պարապմունքներով, որ է որսորդություն, խնջույք, քսություններ, խարդավանքներ, պատերազմ, ավարառություն և նմանները։ Ազնվականության հետ հազվադեպ հանդես են գալիս նաև հոգևոր դասի ներկայացուցիչներ, կարևոր դեր են խաղացել, ուստի և մեկ-մեկ մտել են ֆեոդալական վեպի մեջ։ Չպետք է մոռանալ, որ կաթողիկոսներն իրենք ազնվական մեծ տոհմից էին։ Մեծն Ներսեսի մայրը, Բամբիշ անունով, Տիրան թագավորի քույրն է եղել, և Ներսեսն ինքը, կաթողիկոս ընտրվելուց առաջ․ «էր ի վարս զինուորսութեան, ի գործակալութեան, սիրելի սենեկապես արքային Արշակայ, հաւատարիմ ի վերայ ամենայն կարդաց կենաց թագաւորութեանն ի ներքոյ և արտաքոյ»։ Եվ հոգևորականներից այդ Ներսեսն է իսկապես, որ երևում է վեպի մեջ իբրև գործող անձ։

Ֆեոդալական հասարակության երրորդ դասը, աշխատավոր ռամիկը, տնտեսապես, քաղաքականապես և իրավապես կախված է եղել կալվածատերերի այս երկու անաշխատ վայելող դասերից։Նա միշտ մնացած է եղել անուշադիր։ Մեր հին պատմագիրներն էլ մոռացության են տվել նրան, գրի առնելով միայն ազնվակնների պատերազմներն ու հոգևորականների գործերը։ Վեպի մեջ շինականները հիշվում են միայն մեծ կոծերի ժամանակ, ինչպես և ընդհանուր վիճակը տնօրինելու համար հավաքված ժողովներում։ Այսպես, Տիրանի գերվելուց հետո, շինականներ կան այն ժողովի մեջ, որով որոշում են պատգամավորություն ուղարկել «առ թագաւորն Յունաց, զի ի նա ձեռս տունալ՝ ծառայեսցեն նմա հնազանդութեամբ»։ Շինակնները, իսկապես «դասապետք շինականաց», մասնակցում են նաև Ներսեսի մոտ հավաքված այն ժողովին, որի մեջ ուզում են դադարեցնել երեսնամյա պատերազմը (Բուզ․ Գ․ 21, Դ․ 51)։ Ազնվականն էլ, որ հողատեր էր, մասնակցություն չուներ հողագործական աշխատանքներին։ Նա շինականից միայն տուրք էր առնում։ Նա չէր աշխատում և չէր արտադրում և չէր էլ կազմակերպում գյուղատնտեսական աշխտանք։ Ամենաշատը նա շրջում էր գյուղերը, իր կալվածքները տեսնելու։

Այստեղ չենք տեսնում և դասակարգային պայքար, աշխատավորության կռիվն ընդդեմ վերին երկու դասերի։ Վեպն ազնվականության բանաստեղծությունն է, և բնականաբար նրա բանաստեղծները չպիտի հանեին այդ։ Բայց և այնպես Արշակավանի դրվագի մեջ երևում է այդ կռվի հետքը: Բուզանդի բերած փոփոխակի մեջ, սակայն, պատմվածքն ունի ուժեղ կրոնական բնույթ, փառավորվում են Խադն ու Ներսեսը։

191