Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/189

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Վիպի մեջ առհասարակ սիրված վիպական սյուժետներից մեկն է ամուսնությունը, ուստի դա մի քանի ուրիշ փոփոխակներով ես պատմված է և «Պարսից պատերազմի» մեջ։ Այսպես մի աոանձին պատում է եղել Գնելի սպանվելը իր կին Փառանձեմի պատճառով, և ապա Արշակի ամուսնանալը այդ կնոջ հետ: Այս Փառանձեմի վեպի մեջ իսկական վիպական մանրամասնությամբ երևան են գալիս ներքին պալատական քսություններն ու խարդավանքները կանանց և ազգականների մեջ. հիշվում են և, այսպես ասած, քաղաքական ամուսնություններ, որոնք կատարվում են որևէ քաղաքական հաշվով։ Շապուհն ուզում է իր դուստրը տալ Արշակին կնության, և այդ առիթ է դառնում պալատական ինտրիգներին. Փառանձեմի հայր Անդովկն, Փառանձեմի պատճառով, այնպես է անում, որ Արշակն իր բանակով փախչում է Շապուհի մոտից: Իսկապես քաղաքական ամուսնություն է եղել Արշակի առնելն Ոլիմպիային. բայց վեպի մեջ դրան տրված է ներքին կանանոցային բնույթ Փառանձեմի խարդավանքով։ Կանանց մատը խառն է և ուրիշ դեպքերում: Վասակի եղբայր Վարդանի սպանման պատճառն է նաև միևնույն Փառանձեմը, որ Գնելի մահվան վրեժն է առնում նրանից:

4. Որսորդություն և ձի։ — Մեծ տեղ է բռնել ազնվականի կենցաղի մեջ որսորդությունը, որի մասին և հաճախ պատմվում է վեպի մեջ հենց սկզբից։ Մամդոնը որսի ժամանակ սպանում է Սլկունիների նահապետին և տիրանում նրա ամրոցին: Վիպասանքի մեջ Սանատրուկն սպանվում է որսի ժամանակ։ Տրդատը Հռիփսիմեի սպանվելուց հետո որսի է ելնում: Սիրված մոտիվ է որսի անտառ տնկելը։ Վիպասանքի մեջ Երվանդը տնկել է տալիս Ծննդոց անտառը (Խոր. Բ. 41), «Պարսից պատերազմի» մեջ Խոսրով Կոտակը՝ Խոսրովակերտ անտառը (Բուզ. Գ. 8), և վերջապես նույնը գտնում ենք և «Սասնա Ծռերի» մեջ: Նման անտառ եղել է նաև Շահապիվանի և Բագավանի մոտ. Գնելին Արշակի հրամանով գլխատում են այնտեղ, «մոտ յորմածս արգելոցացն որսոյն էրիոցն» (Բուզ. Գ. 15)։ Խորենացու մեջ (Գ. 23) մի տարբեր փոփոխակ է պատմված Գնելի սպանման մասին, որ կապված է դարձյալ որսի սարի և որսորդության հետ:

Հյուրերին որսով և խնջույքով («բաղմականք») պատվելն ազնվականի կենցաղային գծերից մեկն է: Տիրան թագավորն այդպես պատվում է իր մոտ եկող պարսիկ Վարազ Շապուհին:

Եւ մինչ չև նա եկեալ էր,
Խորհէր արքայն ընդ իւր ծառայսն ներքինիսն,
Սպասաւորսն իւրում սենեկի, ասէ.
«Արժան է մեզ, այր որ գայ առ մեզ՝
Զրուցանել և ուրախ առնել որսովք և բազմականօք,
Եւ ամենայն պէս պէս վայելչութեամբք։
Այլ ոչ եթէ այնչափ ինչ արժան է
Զմեծ ինչ որսոյ տեղիս
Ւ մերում երկրի ասա նմա տեսանել՝
Վասն չարակնութեան, յաչաղանաց, չարաբարութեան,

199