Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ըստ Մ. Խորենացու Արայի և Շամիրամի զրույցը կապված է Այրարատյան դաշտի հետ։ Մինչև վերջերս՝ Ծաղկեվանքի սարը (Ղառնը յարըզ) կոչվում էր Արայի լեռ, իսկ Կոտան սարը (Քյոթան դաղ), որ Կոտայք անվան մի երկրորդ ձևն է, ասվում էր Շամիրամա լեռ։ Ըստ Թոմա Արծրունու՝ Արան կենդանանում է Վան քաղաքին մոտ «Լեզուսյ» գյուղում: Այս գյուղը 20-րդ դարի սկիզբներում դեռ կար՝ Լեզք անունով, և այդտեղի բարձր գագաթի հետ, ըստ Սարգսյանի և Սրվանձտյանցի, դեռ կապված էր Արայի կենդանանալու զրույցը։ Արա Գեղեցկի և Շամիրամի զրույցի մեջ պահված է Աստղիկ—Դերկետոյի և իր տարփածուի ասասպելը[1]։


ՎԱՀԱԳՆ ՎԻՇԱՊԱՂ

1. Առասպելները։ —«Քաջն Վահագն» եղել է հին հայերի սիրելի աստվածներից մեկը, հավասար Արմազդին և Անահտին, որոնց հետ և մի երրորդություն է կազմել նա։ Նրանից էին հայ թագավորները քաջություն խնդրում։ Շատ հռչակավոր և մեծ ուխտատեղ է եղել Վահագնի Վահեվանյան կոչված մեհյանը Տարոնի Աշտիշատում, ուր նրա հետ պաշտվում էին և Անահիտ ու Աստղիկ դիցուհիները։ Այսպիսի մի ժողովրդական աստուծու մասին երգերը, առասպելներն ու զրույցները բնականաբար շատ են եղել և երկար ապրել են նույնիսկ քրիստոնեության ժամանակ։ Վահագնի մասին մի երգված առասպել է հետևյալը.

Երկնէր երկին, երկնէր երկիր,
Երկնէր և ծովմ ծիրանի.
Երկն ի ծովուն ունէր և զկարմրիկն եղեգնիկ.
Ընդ եղեգան փող ծուխ ելանէր,
Ընդ եղեգան փող բոց ելանէր.
Եվ բոցույն վազէր խարտեաշ պատանեկիկ.
Նա հուր հեր ունէր,
(Ապա թէ) բոց ունէր մորուս,
Եւ աչկունքն էին արեգակունք։

Մ. Խորենացին այս կտորը բերելուց հետո՝ ավելացնում է. «Զայս երգելով ոմանց փանդռամբ, լուաք մերովք իսկ ականջօք։ Յետ որոյ և ընդ վիշապաց ասէին յերգին կռուել նմա և յաղթել, և կարի իմն նմանագոյնս զՀերակլեայ նահատակութիւնոն նմա երգէին» (Ա. 31):

Պատմագիրը, բացի վիշապների դեմ կռվից, ոչ մի ակնարկ չի անում Վահագնի ուրիշ նահատակությունների, այսինքն քաջագործությունների բովանդակության մասին։ Անանիա Շիրակացին (7-րդ դար) հիշում է, թե հայոց նախնին Վահագն մի ցուրտ ձմեռ գողացել է ասորեստանցոց նախնի Բարշամի հարդը, որից և աոաջացել է Հարդգողի (Դարմանագողի) ճանապարհը,— մի ասասպել, որ մնում է մինչև մեր օրերը։ Հին հույների մեջ

31
  1. Տես՝ Մ. Ա բ ե ղ յ ա ն, «Վիշապներ», էջ 71 և հան.: