Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/24

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պես վիշապի դեմ կոիվներ են վերագրում. նա կոչվում է, իբրև կայծակի կրակի աստված, Ապամ նապատ ջրերի զավակ: Ապաիա - ջրածին, ջրերի որդի կոչվում է նույնպես վիշապի դեմ կռվող Տրիտա աստվածը, որ Ինդրայի հատկություններն ունի։ Այսպես և մեր Վահագնը, իբրև վիշապի դեմ կռվող ամպրոպային աստված, ծնունդ է երկնային ջրերի ծովի։

Երկնքի և երկրի որդի ծովածին Վահագնը երգի մեջ համարվում է սերված և մի բույսից—կարմրիկ եղեգնիկից։ Այսպես և երկնքի ու երկրի և ջրերի Ագնին, իբրև կայծակի կրակի աստվածություն, ծնվում է միանգամայն և բույսերից։ Ռիգ-Վեդայի մեջ, օրինակ, երգվում է կայծակ Ագնիի համար. «Բույսերը կանոնավոր երևացողին՝ Ագնիին, իրենց մեջ են առել իբրև սաղմ․ այս Ագնիին ծնեցին մայրական ջրերը, նմանապես ծնում են նրան ծառերն ու խոտերը հավետ հղանալով»։ Զանազան հին ազգերի աոաապելների մեջ երկնային կրակը բույսերի հետ կապված է մտածվում, այսինքն՝ ինչպես երկրի վրա կրակը փայտից է աոաջանում, հավատում էին, թե երկնքում էլ կայծակը բույսերից է ծնվում, ուստի և կայծակը պատկերացնում են հաճախ իբրև զանազան բույսեր, և կայծակի մարմնացումն են համարվում շատ բույսեր, ինչպես, օրինակ, փշենին կամ փուշը, որ հայերի մեջ ևս, իբրև կրակի մարմնացում, զորավար «կապք», այսինքն պաշտպանության միջոց է համարվում չար ոգիների դեմ և մեր հմայական կամ «կապքի աղոթքների» մեջ կրակին հավասար է դասվում։

Ամպրոպի երևույթն ըմբռնվում է իբրև մի բոցավառում, հրդեհ երկնային, կարմիր բոցեղեն ծովի մեջ և ըստ հին հավատալիքների՝ զորեղ ամպրոպների ամպրոպների ժամանակ՝ «երկնային բույսերի ծխախառն - միգախառն բոցավառման միջոցին երկնային կրակի՝ կայծակի առաջանալը փոխակերպվում էր մի աստվածության ծննդյան», և հատկապես կայծակի անձնավորում աստծու, որ երկնքի ու երկրի և երկնային ծովի ու բույսերի ծնունդ լինելով՝ ծնվում էր ամպրոպի բոցերի միջից։ Այսպես և մեր Վահագն աստվածը․

Նա հուր հեր ունէր, բոց ունէր մորուս,
Եւ աչկունքն էին արեգակունք։

Այս տողերի մեջ նկարագրված է ծնվող աստծու կերպարանքը, որ նույնպես բոլորովին համապատասխան է ուրիշ ազգերի ամպրոպային ասավածների, ինչպես՝ Ինդրայի, գերմանական Թոռի կերպարանքին։ Նորածին Վահագնը մի երեխա չէ, այլ խարտյաշ պատանյակ։ Ինդրան ևս պատկերացվում է իբրև խարտյաշ պատանի։ Խարտյաշ և արեգակնաչյա են նաև Ինդրայի ձիերը, որոնք նույնպես ամպրոպն են պատկերացնում։ Ւնքն Ինդրան ևս արեգակնաչյա է, երեսն արեգակի նման։ Հագնվում է արեգակի գեղեցկությամբ, անձամբ հրեղեն է։ Եվ թեպետ պատանյակ, բայց մորուք ունի, ինչպես և մեր պատանյակ Վահագնը։ Պատանյակ խարտյաշ, հրեղեն, ոսկեհեր, թե հուր հեր, դեղնամորուս, բոց մորուս, թե կարմրամորուս (ինչպիսին է Թոռ), արեգակնաչյա, թե հրաչյա (Թոո),— այդ առնված է հենց կայծակի երևույթից։ Նրա այրող, հրեղեն ու բոցեղեն, կամ բոցի ու հրի ոսկեգույն, կարմիր ու փայլուն հատկություններից։

34