Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այսպես ուրեմն տեսնում ենք, որ Վահագնի անունը, նրա երգի մեջ նրա ծննդյան և կերպարանքի բոլոր հատկություններն ամրողջապես մի ամպրոպային աստծու՝ Ինդրայինն են: Բայց այդ դեռ ամենը չէ, Ինդրան ծնվելուն պես բոցերի միջից վազում է ամպրոպային վիշապի՝ Ահիի (օձի) կամ Վրարայի (ամպի անձնավորումի, որ հաճախ ներկայանում է իբրև վիշապ) դեմ կռվելու, և կռվելով հաղթում ու սպանում է նրան։ Նույնն անում է և մեր Վահագնը, «և ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ»: Խորենացին երգի շարունակության միայն համառոտ բովանդակությունն է մեջ բերեր ասելով, «Յետ որոյ (ծննդյան նկարագիրն անելուց հետո) և ընդ վիշապաց ասկին յերգին կռուել նման և յաղթել»։

Բնական երևույթի անձնավորում Վահագնի կոիվը ոչ թե երկրի վրա օձերի դեմ է եղել, այլ ըմբռնել է իբրև կռիվ վիշապ դեմոնի դեմ, իբրև «ամպրոպային կոիվ», ինչպես Ինդրայի կռիվն է, մի հայացք, որ մինչև վերջերս էլ կենդանի է եղել մեր ժողովրդի մեջ: Վիշապը մեր հին և մեր ժամանակի ժողովրդական հավատամքներով՝ փոթորկի, պտուտահողմի, թաթառի և փոթորկալից ամպի անձնավորումն է, հենց ինքը փոթորիկը, «թանձրացեալ ամպով», կայծակներով ու որոտմունքով, մի չար ոգի, որի նախատիպն է օձը, որ և սովորաբար չափազանց մեծ օձի կերպարանքով է ներկայանում, բայց իբրև ամպային էակ հաճախ փոխում է իր կերպարանքը և զանազան կերպարանքներ է ընդունում: Եզնիկ Կողբացու գրելով, օրինակ, նա երևում է մերթ իբրև օձ, մերթ իբրև մարդ, երբեմն ջորի կամ ուղտ, կամ իբրև որսին հետապնդող ձիավոր: Փոթորիկը, ասում է Անանիա Շիրակացին (7-րդ դար) «ի բաջաղանս ե յառասպելո վիշապ հանել ասեն»: Իսկ Վանական վարդապետը (18-րդ դար) փոթորկի երևույթի համար պարզապես գրում է. «Ասեն, թե զվիշապն ի վեր յօդն քարշեն»: Դա մի հին հավատալիք է եղել, ըստ որի վիշապը, փոթորկի անձնավորումը, փոթորկի ժամանակ վեր են քաշել: Նույնը գտնում ենք և Եզնիկի մոտ, որ գրում է, «Եւ եթէ բառնայցի ի վեր այնպիսի վիշապն, ոչ եթէ եզամրք ինչ անուանելով»։

Ինչպես ասվեց, Ինդրայի մականունն է Վերեթրադնա, որ պարսկական Վեբեթբադնա աստուծուց անցել է հայերին, և հնչափոխությամբ դարձել հատուկ անուն Վահագն: Հնումն, հարկավ, դեռ կենդանի է եղել այդ մականվան նշանակությունը, բայց հայերեն թարգմանել են ոչ թե Վիշապասպան, այլ «Վիշապաքաղ», որ նշանակում է վիշապ հանող, վիշապ վեր քաղող, վիշապ վեր քաշող։ Այդ մակդիրը ցույց է տալիս, որ Վիշապաքաղ Վահագն աստուծու կռիվը վիշապների դեմ մտածվել է իբրև «վիշապ հանել»։ Վիշապ հանողը, վիշապ վեր քաղողը, վիշապ օդը քարշողը եղել է, ուրեմն, Վահագն աստվածը։ Պարսից Վերեթրադնան իբրև ամպրոպային աստված ներկայանում է բազմազան կերպարանքներով—իբրև գեղեցիկ, փայլուն պատանյակ, իբրև ցուլ և այլն: Նույնպես Տիշարիան, իրանական ամպրոպային աստվածը, երևում է գեղեցիկ պատանյակի, արջառի, «սպիտակ ոսկեղջյուր եզան»[1] և ձիու կերպարանքով: Ինդրան ևս հաճախ երե-

35
  1. Lehrbuch der Religionsgeschichte von P. D. Chantepie de la Saussaye, Tübingen, 1905, II, էջ 135: