Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

երեսը, կամ անձրև է գալիս, կամ թե, ինչպես ասում են, կռվի միջոցին այդ վիշապը ջուր է փչում երկրի վրա։ Կռվից առաջանում է փոթորկի շառաչյունը, որոտը: Փայլակը Գաբրիելի թրի փայլքն է, կայծակը՝ նրա հրեղեն նետը:

Այս միևնույն չար վիշապի պատկերն է, երկրի վրա տեղափակված, որ մեր «Սասնա Ծռերի» մեջ հանդես է գալիս իբրև լեռներում ապրող մի ջրարգել հրեշ, նա նստում է աղբյուրի վրա, խափանում է քաղաքի ջուրը և ջուրը բաց թողնելու համար պահանջսւմ է աղջիկների զոհաբերություն, մինչև որ Ծովային Սանասարը, կայծակի թուր ունեցող այդ կայծակի հերոսը, սպանում է նրան և ջուրն ազատում։

Ի՞նչն է կազմում այս հետաքրքիր ֆիզիկական առասպելի հիմքը հասարակական կյանքից։— Երկրի ուժեղները, ամենահին դարերից, ջրազուրկ տեղերում բռնությամբ տիրել են ջրերին և առանց զոհաբերության չեն թողել, որ ուրիշներն օգտվեն դրանցից։ Ահա այն նախատիպը, որի անդրապատկերումն է առասպելական աշխարհի երկնային աղբյուրի կամ ծովի ջուրն արգելող օդերևութային վիշապը։ Երաշտի ժամանակ երևակայել են, թե երկերում չար վիշապը կտրում է երկնային ջրերի, անձրևի առաջը, մինչև որ մարդկանց բարեկամ ամպրոպային բարի աստվածը հաղթում է այդ չար դեմոնին և մարդկանց ուղարկում է անձրև։


Վահագնի երգը, որ բովանդակում այս հին առասպելական ըմբռնումն ամպրոպի աստվածության մասին, հայոց հնագույն ժողովրդական երգերից մեկն է:


ԱՎԱՆԴԱԿԱՆ ՎԵՊ
ՎԻՊԱՍԱՆՔ

1. Ավանդական վեպ, Վիպասանք, Երգք վիպասանաց, Երգք առասպելյաց։ Առասպելից տարբեր ծագում ունի ավանդական վեպը (էպոսը)։ Մինչ առասպելներն ունեն ավելի դիցաբանական բնավորություն, շատ քիչ պատմական ազդեցություն են կրած և հաճախ փոխառություն են ուրիշներից,— վեպն, ընդհակառակն, իր ծագումով, ընդհանուր առմամբ, բնիկ ազգային ինքնուրույն ստեղծագործություն է[1]։ Վեպը պատմական բանաստեղծություն է։ Նրա նյութը պատմությունն է, այս բառն ընդարձակ մտքով առած, լինի իսկական, թե կեղծ պատմություն։ Եվ մեր «վեպ» բառը հնում, հենց այդ ընդարձակ նշանակությունն էլ ունեցել է[2]։

37
  1. «Էպոսը» Արևելքի հին բռնակալների, արիստոկրատների և Միջերկրական ծովի վաղ ֆեոդալիզմի ստեղծած մի երևույթ է։ (Մ. Գորկի):
  2. Մ. Խորենացին, որ մեր առաջին հին վեպի միակ աղբյուրն է, այդ բառը գործածել է միշտ գրավոր պատմական հիշատակաբանների համար։ Նրա գրքի մեջ «վեպ» նշանակում է պատմություն, «վիպագրել»՝ պատմագրել պատմել, «վիպագիր»՝ պատմագիր, «վիպասան» բառն էլ նշանակում է պատմություն ասող։ Այժմ «վեպ» կամ «ավանդական վեպ» նշանակում է «էպոս», բայց «վիպել»՝ պատմել։ 10-րդ դարից սկսած «վեպ» բառը գործածվում է նաև «ռոման» բառի նշանակությամբ։ Ապա «զրույց» բառն ևս որ, այժմ նշանակում է ընդհանրապես բերանացի պատմված ավանդություն, Խորենացու գրքի մեջ համանիշ է «վեպ» բառին և նշանակում է թե՛ բերանացի և թե՛ գրավոր պատմվածք, պատմություն ընդհանրապես, հաճախ գրավոր պատմություն։ Խորենացին այս բառը «բերանացի զրույցի» իմաստով գործածելիս՝ սովորաբար «անգիր, հին, վաղնջուց նախնական» բառերով, կամ «յաւանդութենէ հասեալ», «որդի ի հորէ ասնելով յիշատակ», «զրուցեն պառաւունք» շրջաբանություններով տարբերում է ավանդական զրույցը գրավոր զրույցից: Տե՛ս Մ. Ա բ ե ղ յ ա ն, Հայ ծողովրդական առասպելները, էջ 10-22: