Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վում է իբրև ցուլ։ Ցուլի կռիվը վիշապի հետ կա և գերմանական առասպելաբանության մեջ, նույնը եղել է և հայկական առասպելներով։ Եզնիկը, ինչպես տեսանք, գրում է. «Եթե այնպիսի վիշապը վեր բարձրացվի՝ այդ կլինի ոչ թե կարծեցյալ եզներով». . . Կնշանակի՝ վիշապ վերացնողը, «Վիշապաքաղը» մտածվել է մեզանում ևս իբրև եզ, ցուլ։

Ինչի՞ համար է այդ ամպրոպային կռիվը, կամ «վիշապ հանելը»:— Վիշապը, պտուտահողմի կամ ամպրոպի չար անձնավորումը, իր ընկեր չար ոգիների հետ, իբրև հողմ «թանձրացեալ ամպով»» բարձրանում է, արեգակի լույսի երեսը կարում, կամ փոթորկի մեջ հարձակվում է արեգակի վրա, որ իբրև գեղեցիկ աղջիկ է անձնավորվում, ամպրոպային ամենազոր աստուծու քույրը կամ կինը. ուզում է կուլ տալ կամ առևանգել նրան, և հափշտակում է նրան։ Կամ, ուրիշ առասպելներով, այդ չար ոգին երկնային անձրևաբեր ամպերի ջրերի կամ երկնային ծովի առաջը կտրում է, նստում է երկնային ջրերի վրա և փակած պահում ջրերը, վայր հոսելն արգելում է՝ նրանց առաջ ցամաք ամպերի լեռներ ու բուրգեր կանգնեցնելով։ Բայց այդ միջոցին ահա ծնվում է փոթորկի կամ ամպրոպի աստվածը, որ միևնույն օդերևույթի բարի անձնավորությունն է, մի գեղեցիկ պատանյակ հրեղեն մազերով, ինչպես հնդիկների մեջ Ինդրան, երբեմն և Ագնին։ Նա կայծակներով ու որոտմունքով, Մարուտների (հողմերի անձնավորում աստվածներ) հետ միասին վրա է վազում, կռվում է վիշապի և նրա չար ոգիների դեմ, արձակում է իր հրեղեն նետերը, խորտակում նրա բուրգերը կամ լեոները, սպանում է վիշապին, կամ փախցնում, կամ բռնում շղթայում, կամ վեր հանում բարձրացնում է նրան ու ցած գլորում, փշրում և այլն, և ազատում է գերված արեգական ու լուսավորում երկիրը և վայր է հոսեցնում ծովի ջրերը։ «Այս հզոր Ինդրան դուրս քշեց ջրերի ալեծուփ հոսանքը, վիշապասպանը մոտ վարեց ծովը, տեսանելի դարձրեց արեգակը, գտավ արջառը, մի գիշերվա մեջ կատարեց նա օրերի գործը»: Ինդրայի «հատուկ բնական արարքն այն է, որ նա հաղթահարում է երաշտի դեմոնին», ինչպիսի հանդիսանում է Վրարան, նա «անձրևի աստված» է և տալիս է անձրև ու արեգակ։ Մովսես Խորենացին այդ մասին ակնարկ չի անում, բայց քանի որ Ինդրայի համապատասխան հայկական աստվածն է Վահագն,— ինչպես Ինգրան՝ երկնքի ու երկրի որդի, ծովածին, հրամազ, բոցամորուս, արեգակնաչյա, խարտյաշ մի պատանյակ, որ կռվում է վիշապների դեմ, քանի որ մեր այդ աստուծո անունն անգամ նույնն է, ինչ որ Ինդրայի մակդիրը՝ «Վերեթրագնա», պետք է կարծել, որ նույնպես անձրև բերելու համար է Վահագնի կռիվը վիշապների դեմ։

Այդ հավաստվում է մեր ժողովրդական հավատալիքներով, նույն առասպելի գերապրուկներով։ Վիշապը,— կարծում են,— երբ շատ մեծանում է, վտանգավոր է դառնում, նա փոթորկի ժամանակ չար ոգիների հետ բարձրանում է վեր՝ կամ երկինքն ու ամպերը կապելու, որ անձրև չգա, կամ կուլ տալու արեգակը, որ իբրև աշխարհ լուսավորող գեղեցիկ աղջիկ է պատկերանում։ Բայց Գաբրիել հրեշտակը, ուրիշ հրեշտակների հետ, կռվում են վիշապի դեմ, սպանում նրան, կամ վեր հանելով՝ բարձրից ցած են գցում նրան ու փշրում, և այդ ժամանակ արեգակը ցույց է տայիս իր

36