պին, որ շատ սիրում է այդ, Խորենացու Պատմության մեջ չկան տրամախոսություններ, բայց կան բազմաթիվ բերանացի հաղորդումներ—պատգամներ և նրանց պատասխանները, լուրեր՝ մեջ բերված իբրև ուղղակի խոսքեր:
Վերջապես պետք է դիտել և հետևյալը։ Հոետորական կամ պատկերավոր արտահայտության ձևերի նկատմամբ՝ Խորենացին սակավաթիվ դեպքերում ինքնուրույն չէ, նա երբեմն նմանում է ուրիշներին՝ նրանցից առնելով գեղեցիկ գրության դարձվածներ, ինչպես որ մեր հետագա դարերի գրողները Խորենացուն իրեն են նմանում իրենց ոճով: Բայց մեր Քերդողահայրն այդ փոխառությունները մեքենայաբար չի անում, այլ փոփոխելով, հապավելով և ավելացնելով այնպիսի բաներ, որ անհրաժեշտ են, կամ չեն, իր պատմածի համար: Քերդողն, ուրեմն, յուրացնում է և վերաստեղծում է այնպես, որ թվում է թե իր մտածած գյուտերն են խոսքի: Մի երկու դեպքում ուրիշից օգտվել է և ամբողջ նկարագրի համար: Վաղուց նկատված է, որ Սուտ Կալիսթենեսի «Աղեքսանդրի վարքի» (որի հավանական թարգմանիչն է ինքը Մ. Խորենացին) մի կտորի նմանությամբ գրած է Տիգրանակերաի կործանումը (Գ. 26. 28), որ մեր Պատմահոր գեղեցիկ կտորներից մեկն է: Բայց «Խորենացին փոխ առնելով նույն կտորները Սուտ Կալիսթենեսի գրքից, պատմական ճշտությունը չէ տուժած, վասն զի կարևոր փոփոխություններն արած է նաև փոխառյալ խոսքերուն մեջ. իսկ իր արած փոփոխությունները միաբան են Պատմության և ի մասնավորի Ամմիանու հետ»[1] Այս փոխառությունն, ուրեմն, լոկ ձևական է: Այսպես վարվել են նաև ուրիշ թե հայ և թե այլազգի գրողներ: Դարձվածների ու պատկերավոր խոսքերի սակավաթիվ փոքրիկ նմանություններով կամ փոխառություններով բնավ չի տուժում մեր քերդողահոր ոճի ինքնուրույնությունը, որովհետև նա ամեն ինչ վերամշակելով հարմարեցնում է իր ճաշակին և իր ընղհանուր ոճական բնավորությանը: Այսպիսի դեպքերում էլ նա մնում է վարպետ գրող:
«Քերդողահայր Մովսես Խորենացու դավանաբանական գրությունը» տեսնել «Դավանաբանական պայքարի գրականություն» հատվածի առաջին գլխի մեջ:
Տես և Վեցերորդ հավելված՝ «Քերդողահայր Մովսես Խորենացի եպիսկոպոսի թղթի վավերականությունը»:
1. Կենսագրական։—Մաշտոցի մահից հետո՝ 451 թվականին տեղի է ունենում Ավարայրի ճակատամարտը հայկական ներքին ինքնուրույնության, կրոնա-քաղաքական իրավունքների պաշտպանության համար: Այդ արդեն գաղափարական խաղաղ պայքար չէր քարոզչությամբ և գրականությամբ ընդդեմ պարսիկների, այլ հին ռազմական դիմադրության զարթոնքն էր մասամբ ի հետևանք Մահակի ու Մաշտոցի կուլտուրական պայքարի:
- ↑ Ուսումնասիրութիւնք Սույն-Կալիսթենեայ վաղուց Ալեքսանդրի, գրեց ժակովրո վ. Յաշեան, վիեննա 1898, էջ 89 և Հան.