Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կապված Արտավազդը, Եզնիկի պատմածի համեմատ, ներկայանամ է իբրև թագավորազգի կամ դիցազն, և հայերը նրան սպասում են, որ ելնե և տիրե աշխարհին: Այս զրույցով նա բարի բնավորություն ունի, ուստի և նրան կապողները չար են՝ վիշապներ։ Մենք տեսանք՝ Վիպասանքի մեջ՝ Արտավազդը նույնպես թագավորի որդի է, որ կռվելով վիշապների դեմ, ներկայանում է իբրև դիցազն: Դա կապված Արտավազդի զրույցի սկզբնական ձևն է։ Պատմականորեն դա Մեծն Տիգրանի որդի Արտավազդն է, մարերի (= վիշապագների) թշնամին, որին Անտոնիոսը՝ մարերի հետ դաշնակցած՝ խաբեությամբ բռնում, շղթայում ու տանում է Եգիպտոս: Երևի իր ժամանակին սպասել են, որ նա գերությունից ազատվի և գա վերստին տիրի Հայոց աշխարհին: Բայց այս ակնկալությունը չի կատարվել:

Այնուհետև կապված Արտավազդի այս պատմական զրույցը շփոթվել է Հրուզենի ձեռով շղթայված Աժդահակի առասպելի հետ, որ շատ հին ժամանակներում իրանացիներից փոխադրված է եղել հրաբխային Մասիս լեռան վրա, և Աժդահակ անվան տեղ անցել է Արտավազդ անունը: Զրույցի այս զարգացման հետևանքով՝ Մասիսի մեջ կապված Վիշապ Աժդահակի, այդ չար ոգու առասպելն ազդել է Արտավազդի պատմական զրույցի վրա: Ուստի Արտավազդը Վիպասանքի մեջ եթե մի կողմից՝ հանդիսանում է իբրև վիշապների—մարերի դեմ կռվող քաջ արքայորդի, որին, ըստ Եզնիկի, կապում են վիշապները, մյուս կողմից՝ նա ունի չար ու նախանձոտ բնավորություն, և նրան կապում են քաջքերը, որոնք բարի ոգիներ են: Վիպասաններն Արտավազդի բնավորության այս երկուությունը բացատրել են այնու, թե Աժդահակի զարմի կանայքը կախարդել են նրան: «Եւ զայտ նոյն երգիչքն յասռասպելին ասեն այսպես. եթէ Վիշապազունք գողացան զմանուկն Արտաւազդ, և դև փոխանակ եղին»(Խոր, Բ. 61): Ուրեմն նույնիսկ Վիպասանքի մեջ Արտաշես թագավորի որդի Արտավազդը եթե մի կողմից՝ վիշապների դեմ կռվող դիցազն է, մյուս կողմից՝ համարվել է իրոք մի դև: Այդ մի շատ տարածված ու հին հավատ է, որ մինչև վերջերս դեռ կենդանի մնում էր մեր ժողովրդի մեջ: Չարունքը կամ դևերը, ըստ մեր սնահավատքի, փոխում են երեխաները մարդկանց երեխաների հետ. մարդկանց երեխաները գողանում են և տեղն իրենցը դնում: Եվ եթե մանուկ Արտավազդին գողացողները վիշապազներ են՝ գողացածի տեղն ևս վիշապազն կամ վիշապ պիտի դնեին ըստ հավատին: Արտավազդն, ուրեմն, ներկայանում է իրոք իբրև վիշապ, և եթե «դև է ասված նրա համար, այդ «դև» բառն ևս պետք է հասկանալ ընդհանուր իմաստով՝ իբրև չար ոգի:» Պետք չէ մոռանալ և այն, որ դև, ազնավուր և վիշապ-աժդահա սերտ կապված են իրար հետ և հաճախ փոխանակում են միմյանց:

ՎԻՊԱՍԱՆՔԻ ՑԻԿԼԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԵՐԳԵՐ ՈՒ ԶՐՈՒՅՑՆԵՐ

1. Վարդգես Մանուկի վեպը: —Վաղարշապատը 2-5-րդ դարերում մի առժամանակ իբրև մրցակից է հանդիսանում Արտաշատի դիմաց, և այնուհետև դարձյալ բարձրանում է Արտաշատն ու հետո Դվինն Արտաշատի մոտ: Արտաշատն ուներ անցյալ: Հիմնադիր ունենալով Հայոց հին թագավորներից

60