Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հին, և ապա նրա հիվանդանալը, մահն ու փառավոր թաղումը (Խոր., Բ. 60)։ Հոր այս փառքին նախանձել է Արտավազդը, դժվարացել է և ասել է, դիմելով հորը.

Մինչ դու գնացեր,
Եւ զերկիրս ամենայն ընդ քեզ տարար,
Ես աւերակացս ո՞ւմ թագաւորեմ։

Այդ պատճառով հայրն անիծել է նրան ասելով.

Եթէ դու յորս հեծցիս
յԱզատն ի վեր ի Մասիս,
Զքեզ կալցին քաջք, տարցին
յԱզատն ի վեր ի Մասիս․
Անդ կայցես, և զլոյս մի՛ տեսցես։

Եվ անեծքը կատարվել է։ Նա քաջքերից բռնվելով որսի ժամանակ՝ շղթայվում է Մասիսի այրերից մեկի մեջ։ Այստեղ վերջանում է վեպի պատմվածքը։

Վիպասանքն ևս, ինչպես «Սասնա Ծռերը» Մհերի համար, ունեցել է իր վերջաբանն Արտավազդի մասին։ «Զրուցեն զսմանէ և պառաւունք, եթէ արգելեալ կայ յայրի միում, կապեալ երկաթի շղթայիւք. և երկու շունք հանապազ կրծելով զշղթայսն՝ ջանայ ելանել և առնել վախճան աշխարհի, այլ ի ձայնէ կռանահարութեան դարբնաց զօրանան, ասեն, կապանքն։ Վասն որոյ և առ մերով իսկ ժամանակաւ,— ավելացնում է Մ. Խորենացին,— բազումք ի դարբնաց՝ զհետ երթալով առասպելին՝ յաւուր միաշաբաթւոջ երիցս կամ չորիցս բախեն զսալն, զի զորասցին, ասեն, շղթայքն Արտաւազդայ»։— Այս ավանդությունը երկար դարեր պահվել է հայերի մեջ։

Լեռան մեջ փակվելու այս վիպական պատմվածքը տարածված է շատ ազգերի մեջ։ Նույնը կա և մեր նոր վեպի մեջ Մհերի վրա պատմված:[1]

7. Արտավազդի բնավորության երկվությունը։— Արտավազդի առասպելը, բացի Խորենացուց, հիշում են նաև ուրիշները։ Ըստ Եզնիկի՝ Արտավազդին կապած պահում են վիշապները. «Եւ ոչ որս երբէք՝ որպէս մարդկան արարեալ են վիշապաց, կամ առնիցեն. և ոչ տաճարք [=ապարանք] իբրև մարդկան են նոցա ի բնակութիւն, և ոչ զոք ի թագաւորազգեաց և ի դիւցազանց ունին կապեալ առ իւրեանս կենդանի… Այլ որպէս զԱղեքսանդր խաբէին դևք, թէ կենդանի կայցէ… Նոյնպէս և մոլորութիւնն դիւաց խաբեաց զդիւցապաշտս Հայոց, եթէ զոմն Արտաւազդ անուն արգելեալ իցէ դիւաց, որ ցայժմ կենդանի կայ, և նա ելանելոց է և ունելոց զաշխարհս, և ի սնոտի յոյս կապեալ կան անհաւատք, որպէս և Հրեայք՝ որ ի զուր ակնկալաթիւն կապեալ կան, եթէ Դաւիթ գալոց է՝ շինել զԵրուսաղէմ և ժողովել զՀրեայս, և անդ թագաւորել նմա նոցա»։

59
  1. Տե՛ս Մ․ Ա բ ե ղ յ ա ն, Հայ ժողովրդական առասպելները, էջ 354—379, ուր և «ք ա ջ ք ե ր ի» մասին մանրամասնություններ։