Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/71

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դեգերմամբ մաշէին զաւուրս իւրեանց ի դպրոցս ասորի դպրութեան», նույնը լինում էր և Արևմտյան Հայաստանում, որտեղից գնում էին հունական դպրոցները։

Քրիստոնեությունը մոտ հարյուր տարվա ընթացքում այսպես կամ այնպես ազդել էր հայերի վրա, և առաջացել էր մի նոր հասարակական խավ, նոր սերնդի մարդիկ, որոնք Հայաստանում կամ դրսում ասորական կամ հունական ուսում էին ստացել, հասել ազգային ինքնագիտակցության և ըմբռնում էին ժողովրդի ու հայոց եկեղեցու համար հայերեն գրականության կարիքը։ Պատմությունը մեզ թողել է այդպիսի մարդկանց իբրև ներկայացուցիչ՝ երեքի անունը միայն, մեկը՝ Մաշտոցը, որ, ինչպես երևում է, թեպետև չուներ եկեղեցական աստիճան, բայց իբրև և՛ «ավետարանիչ», և՛ կրոնավոր, պատկանում էր եկեղեցական դասին, մյուսը՝ Սահակ կաթողիկոսը, իր հոր ու պապերի ժառանգական աթոռակալը․ երրորդը՝ Արշակունի Վռամշապուհ թագավորը։ Նրանք երեքը միասին, ինչպես Մաշտոցի կենսագրությունից տեսանք, պարագլուխ են հանդիսանում այդ մտավոր շարժման, հոգում են հայերեն դպրության համար։

Ւնչն էր դասակարգային շահերի տեսակետով կապում նրանց միմյանց հետ, երկու իշխող դասերի այդ ներկայացուցիչներին, որոնք նախորդ դարում երբեմն իրար դեմ էին ելնում։

Սահակը, Մեծն Ներսեսի որդին, հունական լավ կրթություն ստացած և հռոմեական կողմնորոշման մի մարդ, մեծ կալվածների տեր, բնականաբար հոգում էր իր աթոռի հաստատության, հայ եկեղեցու և իր տնտեսական շահերի մասին։ Նա գիտեր, որ քրիստոնեությունը վտանգված էր Արևելյան Հայաստանում։ Սասանյան թագավորները կենդանացնելով զրադաշտական կրոնը՝ դարձրել էին այն իրենց իշխանության հիմնաքարը, աշխատում էին ընդհանուր պետական կրոն դարձնել այն։ Հռոմեական ազդեցությունը թուլացնելու համար նրանք Շապուհ Բ. թագավորի (910-378) օրերից սկսած, 340 թվականից արդեն ընդհանուր հալածանք էին հանել քրիստոնեության դեմ, և այդ վտանգը շարունակում էր մնալ և հետագայում։ Նրանք նույնիսկ փորձեր էին արել և անում էին իրենց կրոնը մտցնելու և հայ ժողովրդի մեջ։ Երկյուղը մեծ էր ուրեմն, որ Արևելյան Հայաստանի հայ ազնվականությունն ու շինականությունը կարող էին ետ կանգնել քրիստոնեությունից, որից բան չէին հասկանում։ Թեպետ Վռամ Դ. և Հազկերտ Ա. թագավորների օրով հայ եկեղեցին համեմատաբար խաղաղության մեջ էր, բայց նրա դեմ կռիվը չէր դադարել, այլ միայն ուրիշ կերպարանք էր ստացել։

Արևելյան Հայաստանն ուներ Արշակունի թագավորներ, բայց գտնվում էր պարսից գերիշխանության տակ։ Պարսկաստանում իբրև քրիստոնեական պաշտոնական լեզու ընդունված էր ասորերենը։ Արքայից արքաները, հռոմեական ազդեցությունը թուլացնելու նպատակով, Հայաստանում ուժ էին տալիս ասորերեն լեզվին և առաջ էին քաշում ասորի եկեղեցականներին։ Նրանք հովանավորում էին ասորական եկեղեցուն։ Արևելյան Հայաստանում եկեղեցու լեզուն ասորերեն էր։ Սելևկիայի ասորական կաթողիկոսը՝ արքայից արքայի թևարկությամբ՝ ձգտում էր գլուխ դառնալու։