3. Կուլտուրական պայքար և եկեղեցա-քաղաքական մաքառման գրականություն: - Ի՞նչ է այս կուլտուրական մեծ շարժման հիմքն ու պատմական նշանակությունը:-Ըստ Կորյունի՝ Մաշտոցը մտածել է սկզբում քրիստոնեական դարձի գործ կատարելու մասին. այդ է եղել նրա լուսավորական գործունեության սկզբնական դրդապատճառը: Ըստինքյան այդ էլ իր ժամանակի համար մեծ առաջադիմական գործ էր: Այդ դարերում շատ նշանավոր անձեր, և ոչ միայն մեր երկրում, նվիրվում էին այդ գործին, որով բարձրացվում էր ժողովուրդների զարգացման մակարդակը, այն է՝ թանձր կռապաշտությունը փոխանակում էր զարգացման ավելի բարձր աստիճանի կրոն: Հայաստանում քրիստոնեության քարոզչությունն ավելի ևս կարևորություն ուներ, որովհետև դրանով հայերը հաղորդակից էին դառնում բիւզանդական և ասորական քրիստոնեական կուլտուրային: Բայց Մաշտոցի սկսած ու գլուխ բերած մեծ գործը լոկ քրիստոնեություն քարոզելու համար չի եղել. կային նաև ազգային քաղաքական և դասակարգային պատճառներ, որոնց մասին լռում է Կորյունը՝ ժամանակի քաղաքական-եկեղեցական դժվարին պայմանների հետևանքով: Քրիստոնեության քարոզչությունը նաև պարսիկներին դեմ մաքառման մի ազգային գործ էր:
Հայաստան երկրի բաժանումով երկու հարևան հզոր տերությունների միջև 387 թ.՝ վերջ էր տրվել այն երկարամյա ավերիչ պատերազմներին, որոնք 3-րդ և 4-րդ դարերում, Սասանյան հարստության սկզբից ի վեր, տեղի էին ունենում Հայաստանում մերթ հռոմայեցիների ու պարսիկների միջև, մերթ հայերի ու պարսիկների: Երկիրը խաղաղել ու կազդուրվել էր տնտեսապես, բայց միաժամանակ և ազգային ինքնուրույնության, անկախության ու միության տեսակետով, թուլացել և նույնիսկ անկման դուռը հասել: Շուտով արևմտյան կողմում հռոմայեցիները վերացրին հայկական ինքնուրույն իշխանությունը: Արևելյան Հայաստանում դեռ կար Արշակունի թագավորությունը, բայց չափազանց մեծ կախման մեջ Պարսկաստանի Սասանյան արքաներից: Այս դրությամբ այլևս անհնարին էր քաղաքական անկախության համար պատերազմ մղել հարևան մեծ պետությունների դեմ. մնում էր միայն կուլտուրական պայքարը ներքին անկախության համար, մանավանդ որ չէր վերջացել Իրանի ու Հռոմի իդեոլոգիական պայքարը Հայաստանում: Պետք էր այդ դրության առաջն առնել: Իսկ առաջն առնելու միջոցն էր քրիստոնեությունը և եկեղեցին հայերեն լեզվով: Ահա ազգային-քաղաքական, միաժամանակ և դասակարգային հիմքն այդ մեծ կուլտուրական գործի: Դա հետևանք էր Հայաստանի բաժանման երկու հարևան մեծ տերությունների միջև և սրանց պայքարի՝ Հայաստանի վրա ազդել իդեոլոգիապես:
Հայաստանում օտար լեզուներով բացված դպրոցներում, արդարև, շատ բան չէին կարող սովորել, բայց կային այնպիսի երիտասարդներ, որոնք ուսում առնելու համար դիմում էին Հայաստանից դուրս, բուն ասորական և հունական դպրոցները: Այս մասին շատ որոշ վկայություն ունենք Ղազար Փարպեցուց, որ գրում է, թե Մաշտոցը «յարաժամ տրտմէր… տեսանելով զմեծ ջանն և զաստւելապէո ծախս մանկանցն Հայաստան աշխարհիս, որք բազում թոշակոք և հեռագնաց ճանապարհոք և բազմաժամանակեայ