Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կամքի տեր մարդիկ, ինչպես էր ինքը Մաշտոցը, Բարսեղ Մեծը կամ Բարսեղ Կեսարացին (Մեծ Կապադովկացիներից մեկը), որ դառնում է Կեսարիայի մետրոպոլիտ և 4-րդ դարում կանոնավորում է այդ կրոնավորական կյանքը: Նա մենակեցությունից գերադասում է վանականությունը, կրոնավորների խմբական կյանքը եղբայրանոցներում: Նա հաստատում է վանական կանոններ, որոնցով պարտադիր է դարձնում վանականների համար թե՛ ֆիզիկական, և թե՛ մտավոր աշխատանքը:

Նրա կանոնադրությունն ընդունվում է և հայոց եկեղեցուց, հայոց կաթողիկոս Մեծն Ներսեսը, Սահակ կաթողիկոսի հայրը, 4-րդ դարում Հայաստանում մտցնում է նույն վանական կարգերը, ինչ որ տեսել էր Կապադովկիայում: Եվ որովհետև վանականները պիտի մտավոր աշխատանքով ևս զրաղվեին, վանքերը դառնում են նաև դպրոցներ հարկավ, կրոնական կրթության համար: Գրագիտությունն անհրաժեշտ էր վանականի համար, և քանի որ չկար հայերեն գիր ու դպրություն, Մեծն Ներսեսի հիմնած վանքերում սովորում էին ասորերեն և հունարեն: Արդ՝ Մաշտոցի հաստատած վանքերում այդ օտար լեզուների տեղ անցնում է հայերենը,՝ և վանականները հայ դպրությամբ, հայերեն թարգմանություններով էին ծանոթանում քրիստոնեական ուսմանը: Այսպիսով՝ վանքերն ազգայնանում և դառնում են հայկական դպրոցներ, ուր պատրաստվում էին հայերեն լեզվով գրագետներ ու քարոզիչներ և «գրիչներ», այսինքն արտագրողներ։ Միաժամանակ և ժամանակի գիտությունն ու գրականությունը, որ մեծ մասամբ կրոնական էր, կենտրոնանում էր վանքերում։ Այնտեղ և թարգմանություններ էին անում, ապա և ինքնուրույն գրքեր հեղինակում: Հայկական վանքերն իրենց այս դերը մերթ ավելի, մերթ պակաս չափով, երբեմն ժամանակի հետ ընթանալով, երբեմն հետադիմելով, կատարել են, կարելի է ասել, մինչև առ ի 10-րդ դարի վերջերը:

5. Եկեղեցու գրական լեզու։ — Մաշտոցի ու Սահակի և նրանց աշակերտների ջանքերով ստեղծվում է եկեղեցական հայերեն լեզուն, որ ընդունվում է երկու կողմերի հայերից և՛ Արևելքում, և՛ Արևմուտքում: Դրա հետևանքով ևս պահվում է միությունը հայերի մեջ միշտ և ամենուրեք: Նույնիսկ ուշ դարերում Հռոմեական եկեղեցուն անցած հայերի հատվածները չեն իշխում դիպչել Հայոց եկեղեցական լեզվին և լատիներենով փոխարինել այն: Այդ լեզուն դառնում է, ուրեմն, ազգային միության մի մեծ գործոն:

Բայց այդ դերը լեզուն կատարում է ոչ միայն եկեղեցու միջոցով: Եկեղեցական լեզուն էր նաև գրական լեզու, որով դրել են թարգմանական և ինքնուրույն երկերը։ Հետագայում ևս հայ դպրությունը զարգանում է նույն լեզվով, և աոաջ է գալիս համեմատաբար հարուստ հին հայկական գրականությունը, որ զանազան իշխանությունների ենթակա, քաղաքականապես անջատ և հաճախ սեփական պետություն չունեցող հայ ժողովրդի համար դառնում է ընդհանուր հոգևոր կյանքի, համազգային միություն պահպանելու և նույնիսկ դեպի ազգային անկախություն հրահրելու ամենամեծ պատմական գործոնը:

Այդ հին գրական լեզուն, որ սովորաբար կոչում ենք գրաբար, բնականաբար ունեցել է իր զարգացումը, իր փոփոխությունները դարերի ընթացքում