Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/84

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պաշտամունքի ժամանակ կարևոր տեղ է բռնել։ Դա կապված է եղել Ս․ Գրքի ընթերցվածների հետ և սկզբում եղել է պարզ ու հասկանալի լեզվով խրատ ըստ կարդացած հատվածի։ Բայց հետագայում, շնորհիվ ճարտասան եպիսկոպոսների, զարգացել է հռետորական արվեստով և դարձել ճառ։ Դա նույնպես գործնական նպատակ է ունեցել, այն է՝ ունկնդիրներին բացատրել քրիստոնեության հիմունքները՝ քարոզելով պահք, ապաշխարություն, աղոթք ու մենակեցություն, բարեգործություն և այլն։ Ունենք հին թարգմանությամբ բազմաթիվ ճառեր զանազան հեղինակների։ Հայտնի են Բարսեղ Կեսարացու, Կյուրեղ Երուսաղեմացու, Հովհան Ոսկեբերանի ե ուրիշների ճառերը։

Քրիստոնեական գրականությունը երկար չի մնացել այս սկզբնական լոկ գործնական նպատակի մեջ սահմանափակված, 2-րդ դարի կեսերից սկսում է զարգանալ գնոստիկյան գրականությունը, և եկեղեցին ստիպվում է գնոստիկյան աղանդի գրականություն, որ զբաղվում էր արդեն տեսական խնդիրներով։ Միաժամանակ հարկավոր է լինում քրիստոնեությունը պաշտպանել հեթանոսական հարձակումների դեմ, հերքել նրա մասին տարածված անհեթեթ լուրերը։ Այսպիսով առաջանում են ջատագովական ասված գրականությունը և հակաճառությունները, ուղղված գնոստիկյան և ուրիշ աղանդավորների, ինչպես և հրեաների ու հեթանոսների դեմ։ Վերջապես՝ փիլիսոփայություն սովորած ջատագովները հանդես են գալիս նույնիսկ հույն փիլիսոփաների դեմ։ Երբ քրիստոնեությունը 4-րդ դարում վայելում է կայսրների հովանավորությունը, ջատագովներն արդեն նպատակ են դնում ոչնչացնել հեթանոսությունը, և ջատագովությունը պաշտպանականից փոխվում է հարձակողականի և ստանում է այլ ուսմունքների «հանդիմանությունը»։ Այստեղ հայերեն թարգմանություններից հիշենք միայն նշանավոր փիլիսոփա և ճարտասան Արիստիգես Աթենացու ջատագովութունը։

Այս բոլոր գրականության մեջ հետզհետե պարզվում են եկեղեցու սկզբունքները, որ աոաջին դարերում դեռ անորոշ էին։ Դրանց աղբյուրը Ս․ Գիրքն էր, իսկ դրանից օգտվելու եղանակը այլաբանական բացատրությունը կամ մեկնաբանությունը։ Հույն փիլիսոփաները մեր թվականությունից աոաջ արդեն սկսել էին այդ եղանակը գործագրել իրենց հին կրոնական առասպելների վրա և այն պարզ պատմվածքների մեջ տեսնել խորին մտքեր։ Նրանք միաժամանակ առասպելներից վերացնում էին կրոնական տեսակեաով կոպիտ, գայթակղեցուցիչ մասերը, որոնց այլևս չէին հավատում բարձր բարոյական գիտակցության հասած մարդիկ, Այդպիսով նրանք հին առասպելներն ու բանաստեղծության գլուխ-գործոց երկերը փրկում էին անխուսափելի կորստից։ Քրիստոնեությունից առաջ արդեն Փիլոն Եբրայեցին (ծն. մոտ 30 թ. մ. թ. ա., մեռ. մոտ 45 թ. մ. թ.) նույն այլաբանական բացատրությունը գործագրել էր Հին Կտակարանի վրա։ Նույնպես շարունակում են վարվել և քրիստոնյաները, Ս. Գրքի պարզ խոսքերի տակ վերացական գաղափարներ որոնելով, նրանց մեջ կանխասություններ գտնելով, կամ հենց լոկ,–դժվարություններից խուսափելու համար