Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 2.djvu/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տալու անտիկ աշխարհի կուլտուրային: Այդ են համարել այս նոր կուլտու­րայի հիմնական հատկանիշը, ուստի և ծագել է «վերածնություն» տերմինը, իբրև անտիկ կուլտուրայի վերածնություն ընդդեմ միջնադարյան ճգնավորական և սքոլաստիկական կուլտուրայի: Իբր միջնադարը եղել է միակերպ անկման շրջան, չի բովանդակել ոչ մի ներքին զարգացում, և անտիկ կուլտուրայի ազդեցությամբ վերածնվել են գիտություն, փիլիսոփայություն, արվեստներ ու գրականություն: Չմերժելով անտիկ կուլտուրայի զորեղ ազդեցությունը՝ պետք է ընդունել, սակայն, որ վերածնությունն իրոք արգասիք է ներքին ուժերի վրա հիմնված անընդհատ զարգացման, և դրա արմատները գտնվում են ավելի ևս հին ժամանակ­ներում։ Վերածնության վաղ շրջանի սկիզբն եղել է միջնադարյան բարե­պաշտության ժամանակ։ Այսպես՝ վերածնություն են տեսնում Դանտեի (1265—1321) և մի քանի ուրիշների մեջ՝ չնայելով նրանց բարեպաշ­տությանը և միստիցիզմին։ Նույնը երևան է գալիս նաև Պրովանսի տրուբադուրների և գերմանական մինեզենգերների երգերի մեջ, որոնք նախա­կարապետներն են վերածնության։ Ապա բանաստեղծության ու պրոզայի մեջ ստեղծվում են նոր գրական ձևեր և տեսակներ, որոնց մի մասը փոխառություն են անտիկ գրականությունից։ Դրանցից են, օրինակ, Դան­տեի «Աստվածային կոմեդիան», հռչակավոր սոնետները Պետրարքայի (1304—1374), նովելլաները Բոկաչիոյի (1313—1375), էպիգրամմա, սատիրա և այլն:

Հայոց գրականությունը, ինչպես և արվեստն ընդհանրապես, հար­կավ, կտրված չի եղել այլազգիների, առանձնապես արևելյան գրական հոսանքներից։ Բայց 10-րդ դարում դժվար է տեսնել մեզնում անտիկ գիտության, արվեստի ու գրականության այնպիսի մեծ ծանոթություն և ազդեցություն, որի հետևանքով կերպարանափոխվեր մեր եկեղեցա-ֆեոդալական գրականությունը: Անշուշտ «արտաքին» գիտությունների հին թարգմանությունները բոլորովին մոռացության տրված չեն եղել, բայց, նրանց ուսումն արդեն 10-րդ դարից առաջ խամրած է եղել։ Նույնիսկ Անահիտ Շիրակացու երկերն այլևս ուսումնասիրության առարկա չեն եղել։ Գրիգոր Մագիստրոսը մի նամակով Արշարունի Պետրոս կաթողիկո­սին (1019—1059 թ․) խնդրում է իրեն ուղարկել Շիրակացու մի գիրքը, «զոր մեծ Քննիկոնն անուանեն», «որ են այժմ ի տան տէրունեան, զոր նախ քան զքեզ խրթնացեալ և թագնի ընդ գրուանաւ ծածկէին»:[1] Ապա նա այդ առիթով հիշում է Շիրակացու գանգատը, թե մեր ազգն անհոգ է գիտության վերաբերմամբ։ Հետո նա ինքն էլ իր կողմից տրտնջում է, թե «ի բազմաց անփոյթ եղելոյ այսպիսի գործառնութիւնք և հանդէսք», թե «ի մոռացումն այսպիսի մատենի ոչ միայն՝ եղև անկանել, այլև բազմաց», «քանզի Արամեան սեռի հպարտութիւն և անամոք բնութիւն և խստապա­րանոց բարս ոչ ստորակայի յայսոսիկ կրթութիւնս յարատևական հաւանել, կամ եթէ ոչ փոյթ, որք պետականին հասին բախտի, մեծարու լինել և խուզել զխոհեմական արհեստս ի զարդ քարգոնոսական [=արքայական] ապարանին, որպէս մեծ Փտլոմէոսն այն

  1. Գրիգոր Մագիստրոսի Թղթերը, ի լույս ընծայեց Կ. Կոստանյանց, Աղեքսանդրապոլ, 1910, Բ․ թուղթ, էջ 8: