և որք այլք այսպիսիք»։ Իսկը՝ Մ. Խորենացու գանգատի նման։ Մի անգամ որ այսպիսի վերաբերմունք է եղել դեպի արտաքին գիտությունները, բնականաբար չի կարելի մեր վաղ վերածնության ծագման համար անտիկ փիլիսոփայության և այլի ազդեցությունը տեսնել։ Վերածնությունն ինքը, 11-րդ դարի առաջին տասնամյակներից սկսած, թերևս մասամբ նաև բիզանդական ազդեցությամբ, նորոգում է հին թարգմանությունների ուսումնասիրությունը և զարթեցնում է, ինչպես հետո կտեսնենք, առանձին սեր ու հակում դեպի հին հունական փիլիսոփայությունն ու գիտությունը: Իսկ մեր հայկական վերածնությունն ինքնուրույն է։ Դա ազգային կուլտուրայի ու գրականության շարունակական զարգացման մի իրակություն է, արդյունք հայկական քաղաքային կյանքի բարգավաճման, դրա հետևանքով և ներքին ուժերի այն ռեալիստական շարժման, որ առաջ էր եկել հարյուրամյա խաղաղության միջոցին։ Եթե «վերածնություն» բառով է անվանվում այստեղ մեր գրականության այս վերափոխված շրջանը, որովհետև այդ ժամանակ «վերածնվել է» հեթանոսական դարերի բուն աշխարհիկ ոգին և աշխարհայեցողությունը՝ հակառակ կրոնա-եկեղեցականի, և որովհետև այդ շրջանի գրականության հատկություններն ընդհանրապես նույնն են, ինչ որ եվրոպական վերածնության գրականությանը։ Դա գլխավորապես հայ քաղաքացության, հայ բուրժուազիայի գրականություն է։
2. Քաղաքներ և քաղաքացական կյանք ու կուլտուրա:— Հին դարերից ի վեր հայտնի են եղել Հայաստանում մի շարք քաղաքներ—Արտաշատ, Վաղարշապատ, Վան, Դվին, Խլաթ և ուրիշներ։ Երկարատև խաղաղ շինարարության դարաշրջանում (10—11-րդ դարերում) արագ բարձրանում է ժողովրդական տնտեսությունը․ երկրի բնակչությունն աճում է. շինվում են բազմաթիվ գյուղեր, քաղաքագյուղեր ու գյուղաքաղաքներ, որոնք հետզհետե դառնում են ավելի ու ավելի մարդաշատ։ «Ագարակաց աւանացեալ և աւանաց քաղաքացեալ բազմամարդութեամբ և ընչեղութեամբ», գրում է Ստեփանոս Տարոնեցին:[1] Նոր բարգավաճած քաղաքներից՝ մեր պատմագիրների հիշատակությամբ՝ աչքի են ընկնում՝ Անի, Կարս, Արծն, Դվին, սրանց մեջ՝ առանձնապես Անին, որի մասին ավելի պատմագրական տեղեկություններ ունենք և ավելի ծանոթություններ շնորհիվ պեղումների։[2] Անին մի շատ նշանավոր տիպարն է այդ շրջանի մեծ քաղաքների։ Նա եղել է ոչ միայն բերդ և մայրաքաղաք, այլև շահաստան, առևտրական, արդյունագործական ու կուլտուրական մեծ կենտրոն թե՛ հայկական և թե՛ նաև օտար իշխանությունների օրով 11—15-րդ դարը։ Այլազգիների ձեռքն անցնելուց հետո այդ քաղաքի ներքին կյանքը քիչ է փոխվել. 11—14-րդ դարերում Անին չի դադարել զարգանալ իբրև հայկական քաղաք։ Բայց միաժամանակ
- ↑ Ստեփանոսի Տարօնեցւոյ Ասողկան Պատմութիւն տիեզերական, Ս. Պետերբուրգ, 1885, էջ 161։
- ↑ И. Орбели, Развалины Ани. История. Современное состояние. Раскопки. С․-Петерб․ 1911. Նույնի հայերեն թարգմանությունը. «Անվոյ ավերակները. Պատմություն. Այժմյան վիճակ․ Պեղումներ»։ Հավելվածներով և ծանոթություններով․ Վաղարշապատ, 1911: Н. Я. Марр, Ани. Книжная история города и раскопки на месте городища, Москва, 1934.