Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 2.djvu/5

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՌԱՋԻՆ՝ ՄՇԱԿՎԱԾ ՄԱՍ

1. Մ. Աբեղյանի «Հայոց հին գրականության պատմության» երկրորդ հատորի մշակված մասի ձեռագիրը պարփակված է 19 տետրակի մեջ, որոնք համարակալված են — բացառությամբ 18֊րդ տետրակի — իր իսկ Աբեղյանի ձեռքով: Մ. Աբեղյանը համարակալել է նաև էջերը, ըստ որում իր ձեռքով համարակալումը նա հասցնում է մինչև 16-րդ տետրակի վերջը, այն է՝ 1051-րդ էջը. 17 և 18֊րդ տետրակների էջերը համարակալված են արդեն Մ. Աբեղյանի որդու, նկարիչ Մհեր Աբեղյանի ձեռքով, ինչպես և վերջինիս ձեռքով է համարակալված վերը հիշված 18-րդ տետրակը։ Այս երկու տետրակները պարփակում են ձեռագրի 1058—1188 էջերը։ Ինչ վերաբերում է 19-րդ տետրակին, ապա նրա համարակալումը նորից արված է Մ. Աբեղյանի ձեռքով, բայց ոչ իբրև 18-րդ, այլ 18-րդ տետրակի շարունակություն և ընդգրկում է 1052—1060 էջերը․ այս երևույթի բացատրությունը կտրվի սույն առաջաբանի երրորդ կետում։

Մ. Աբեղյանի ձեռագիր տետրակները սովորական աշակերտական տետրակներ են, որոնց մի քանի հատի միացումից ստացվում էր ստվար մի տետրակ։

Այս հատորը նախորդի պես ունի «Հավելվածներ» բաժին: Առաջին չորս հավելվածը նշված են իբրե հավելվածներ Մ. Աբեղյանի կողմից և մտնում են սույն մշակված մասի մեջ։

2. Իր ձեռագրի 19֊րդ տետրակում — որը, ինչպես հայտնի կդառնա քիչ հետո, գրված է 16-րդ տետրակից անմիջապես հետո — Մ. Աբեղյանը 1059֊րդ թերթի երկրորդ էջի վրա ունի հետևյալ նշումը իր անելիքի մասին.

Գրելիք (14—17֊րդ դարեր)

I. Եկեղեցական գրականության վերջալույսն և արևմուտը։ Հովհան Որոտնեցի, Առաքել Բաղիշեցի, Առաքել Սյունեցի և այլն։

II. Վիպական գրականություն։

III. Քնարերգուներ, Մկրտիչ Նաղաշ, Թլկուրանցի, Աղթամարցի և ուրիշները։

IV. Գուսանական երգեր — հայրեններ։

Չորրորդ շրջան – գրականության նորոգումը 17—18-րդ դարերում:

Հետագայում, երբ Աբեղյանը ավարտում է սույն «գրելիքի» առաջին կետը՝ բացառությամբ Բաղիշեցու, 18-րդ տետրակի վերջին, 1183-րդ թերթի երկրորդ էջի վրա նա նորից նշում է իր անելիքը.

Շարունակություն — Առաքել Բաղիշեցի.
Ֆուրման Մանուկի սիրավեպը
Տաղասացութուն

  1. Մկրտիչ Նաղաշ
  2. Թլկուրանցի
  3. Գր. Աղթամարցի
  4. Անանուններ

Գուսանական տաղեր: