Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 2.djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

19-րդ տետրակը։ Ապա ո՞ւր մնացին այդ դեպքում 17 և 18-րդ տետրակները:

16-րդ պարագրաֆը, այսինքն՝ «Վերածնության գրականության առաջին էտապը» ավարտվում է հետևյալ պարբերությամբ. «Բարեբախտաբար գրի առնված մնացել են գուսանական «Հայրենները», որոնք մեր քնարերգության գոհար վարդերն են: Սրանց մասին էլ կտեսնենք այս գործի շարունակության մեջ»:

Հետագայում Մ. Աբեղյանը մատիտով երկու խաչ է դրել այս պարբերության վերջին, ու նախորդ թերթի (1059) երկրորդ էջում, կրկնելով երկու խաչը, նույնպես մատիտով ավելացրել. «բայց նախ քան այդ, մի հայացք ձգենք մեր եկեղեցական գրականության վրա»։

17 և 18֊րդ տետրակները պարփակում են հենց եկեղեցական գրականության այդ տեսությունը: Ինչպես մեզ հայտնի է, 18-րդ տետրակի համարը Աբեղյանի ձեռքով չի գրված, բայց դրա փոխարեն նախորդ տետրակի հռոմեական XVII֊ը դրոշմված է Աբեղյանի իսկ ձեռքով: Պարզ է, ուրեմն, որ Մ. Աբեղյանը երկրորդ անգամ փոխել է իր մտադրությունը «Վերածնության գրականության առաջին էտապը» հատվածի տեղի նկատմամբ ու որոշել չդնել այն ոչ միայն «Կոստանդին Երզնկացի» գլխում, այլև նրանից անմիջապես հետո, այսինքն՝ նրա և եկեղեցական գրականության տեսության արանքում:

Արդ՝ ո՞ւր դնել այդ պարագրաֆը։ Աբեղյանը 16 թիվը փոխելով մատիտով 1-ի, ապա նույնպես մատիտով ընդհանուր վերնագիր «Տաղասացություն» (շապկի վրա՝ «Տաղասացներ») և ենթավերնագիր՝ «Ընդհանուր տեսություն» տալով, պարզ է, որ մտադրություն ուներ լրացնելու այդ նորաստեղծ գլուխը նոր պարագրաֆներով, բայց թե ուր պիտի զետեղեր այս ամենը՝ չէր որոշել ու իր տարակուսանքները նա նշել է — դարձյալ մատիտով — հենց վերնագրին կից հետևյալ բառերով. «դնել վիպական քերթվածներից առաջ?? հետո?»:

Այդ տարակուսանքները Մ. Աբեղյանը, որքան մեզ հայտնի է, չլուծեց: Վիպական քերթվածների մասին, որ ըստ նրա հղացման պիտի հետևեր եկեղեցական գրականությանը, նա չգրեց։ «Տաղասացություն» գլուխն էլ մնաց նույնությամբ՝ լոկ մեզ հայտնի «Վերածնության գրականության առաջին էտապը» պարագրաֆով:

Ելնելով այս ամենից, այլև նկատի ունենալով, որ նշված պարագրաֆը տեղի տեսակետից միանգամայն համապատասխանում է Մ. Աբեղյանի սկզբնական մտադրությանը՝ Ինստիտուտը որոշեց թողնել այն «Կոստանդին Երզնկացի» գլխում իբրև այդ գլուխը և նրան նախորդող գլուխները եզրափակող հատված:

Հիշված 16-րդ պարագրաֆը ներկա հատորի մեջ նշված է 17֊րդ համարով, որովհետև Մ. Աբեղյանը հետագայում՝ այդ պարագրաֆը գրելուց հետո, 15֊րդ պարագրաֆի վերջին հատվածը առանձնացրել ու դարձրել է 16-րդ պարագրաֆ հետևյալ վերնագրով՝ «Պարսկական բանաստեղծության ձևական ազղեցությունը և չափածո բանաստեղծության կատարումը»։ Այս նոր վերնագրի տակ մատիտով Աբեղյանը նշել է՝ «միացնել տաղասացության», դնելով