Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընդհանուր բնորոշ գիծը: Ուսումնասիրությունը կատարված է նկատի ունենալով հայոց նախնական պատմությունն ու կրոնը, օտար ազդեցություններն ու միջազգային առասպելաբանությունը, ինչպես նաև արվեստն ու կերպարները:

Երկրորդ շրջանը՝ «Մաքառման գրականությունը» իր մեջ անդրապատկերած ունի հայկական պատմական իրականությունը՝ սկսած 3-րդ դարից մինչև 11-րդ դարը: Այս շրջանի գրականությունը կազմված է և՛ ավանդական բանահյուսությունից, և՛ գրավոր երկերից: Դրա մեջ երևան է գալիս ազնվականության և եկեղեցականության շահերի պաշտպանությունը: Թե՛ գրավոր դպրության և թե՛ վիպական բանահյուսության մեջ, ինչպես են՝ «Պարսից պատերազմը», «Պատերազմ Տարօնոյ» և ուրիշները, իշխում է մի ընդհանուր միտում—ազգային խիստ մաքառում նախ՝ Պարսից Սասանյան տերության ու հույների, հետո՝ արաբական բռնապետության դեմ: Մյուս կողմից՝ այս շրջանի գրականության համար բնորոշիչ է նաև եկեղեցական դասի ձգտումն ու պայքարն իր գաղափարախոսությունը հաստատելու հայ ժողովրդի մեջ, մինչև որ 10-րդ դարի երկրորդ կեսին թուլանում է օտարների դեմ մաքառումը, գերիշխում է եկեղեցական աշխարհայեցությունը, որին ենթարկվում են նաև իրենց իշխանությունների մեջ վերականգնված ազնվականները: Չեն պակասում նաև աշխարհիկ գաղափարներն և հայրենասիրական ոգին, աչքի է ընկնում ուժեղ ձգտում պաշտպանելու ազգային անկախությունը և ընդհանուր շահերը, որոնք, սակայն, սովորաբար արտահայտված են հայոց եկեղեցու շահերի հետ կապված: Շրջանի վերջում հորինված մի քանի երկերի մեջ արդեն զգալի է հաջորդ շրջանի՝ «Վերածնության գրականության» շունչը:

Առանձին երկերի ուսումնասիրության մասին այստեղ այն միայն պիտի ասել, որ այդ կատարված է, բնականաբար, ըստ նրանց բովանդակության ու ձևի: Հեղինակների հորինելու արվեստն ու ոճը ցույց տալու համար՝ բերված են հատվածներ: Բացի այդ՝ ուշադրության են առնված պատմագիրներից այնպիսի կտորներ, որոնց մեջ պատկերացվում է ժամանակի ընդհանուր դրությունը, կամ որոնք անհրաժեշտ են ժողովրդական վեպի պատմականությունը բացատրելու համար:

Մ. ԱԲԵՂՅԱՆ

1942, ապրիլի 2.

Երևան.