Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/101

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

միջոցով պատրաստվում են սերունդներ, որոնք ունեին քրիստոնեության մասին գոնե տարրական հասկացողություն և սերտ կապված էին Ս. Գրքին և այնպես տոգորված նրանով, որ նրանից բաժանվելն այլևս անհնարին պիտի լիներ։ Սրանով արդեն մեծ հեղաշրջում էր մտնում հայ կյանքի և մտածության մեջ։ Մարդիկ կապվում էին մի նոր աշխարհայեցության և ավանդության հետ, որ օտար էր, բայց բազմաթիվ ոգևորված անձերի բերանով միանգամից Հայաստանի բոլոր կողմերում քարոզվելով՝ սկսում էր թափանցել նաև ժողովրդի մեջ։ Կռապաշտությունը վերջապես սկսում էր տեղի տալ քրիստոնեության առաջ, գոնե որոշ հասարակական խավերի մեջ։ Թողնում էին, ուրեմն, հին հայրենական հավատալիքներն ու նրանց հետ կապված ավանդությունները, հետևաբար և հին բանաստեղծությունը, և նրանց տեղ ընդունում էին նոր հավատքն իր ավանդություններով, իր կարգերով, սովորույթներով ու գրականությամբ։ Դրա համար կենդանի օրինակ էին դառնում և բազմաթիվ վանականների խմբերը, որոնք իրենց մենակեցությամբ կտրվում էին աշխարհական կյանքից ու աշխարհից, ուրեմն և հին հայրենականից. իսկ այդ նշանակում էր, Կորյունի խոսքով ասած, «Գերել զամենեսեան ի հայրենեացն աւանդելոց», «ի բաց այնչափ անջատել ի հայրենեաց իւրեանց և անյիշատակ ցուցանել, մինչև ասել իսկ թէ՝ Մոռացայ զժողովուրդ իմ և զտուն հօր իմոյ»։ Իրական կյանքն, ուրեմն, քրիստոնեական կրոնով տոգորված մարդկանց համար մի տեսակ շարունակություն էր դառնում Ս. Գրքի պատմության և ոչ ազգային անցյալի։

Դրսից եկած օտարը, հարկավ, այնպես շուտ ամեն տեղ և ամենքին մոռացնել չէր կարող տալ հայրենի ավանդությունները, որոնց մի մասը մինչև վերջերս էլ դեռ մնում էր իբրև ժողովրդական հավատք՝ սնահավատք։ Բացի այդ՝ ոչ միայն ժողովրդի, այլև նույնիսկ շատ վանականների համար, հարկավ, դեռ ըմբռնելի չէին քրիստոնեական սկզբունքները։ Բայց և այնպես՝ Ս. Գրքի, առանձնապես Հին Կտակարանի ազդեցությունը, ինչպես երևում է մեր մատենագիրներից, շեշտված է մեր հին սովորությունների ու բարքերի մեջ սկսած 5-րդ դարից։ Սաղմոսներն ու մարգարեական օրհնությունները հետզհետե անցնում են հին բնիկ երգերի տեղ. նախարարները 5-րդ դարում սաղմոսներ են երգում։ Նույնիսկ լեռնական կիսավայրենի «գազանաբարոյ, արիւնարբու» սասունցիների համար հաղորդում են 10-րդ դարում, թե «գիտեն զսաղմոսսն զհին թարգմանեալսն վարդապետացն Հայոց, զոր հանապազ ի բերան ունին» (Թոմա Արծրունի)։ Աստվածաշնչի առաջին թարգմանությունն, ուրեմն, հենց սկզբից մուտք է գործել նույնիսկ այդ լեռնական ժողովրդի մեջ։ Եվ այս հասկանալի է, քրիստոնեության քարոզիչները, ինչպես և ինքը Մաշտոցը, հատուկ ուշադրություն էին դարձնում այնպիսի լեռնային խուլ կողմերի վրա, ուր քրիստոնեությունը մուտք չէր գործում. «անկարգ և անդարման», «գազանամիտ, վայրենագոյն, ճիւաղաբարոյ» կողմերում էր քարոզում Մաշտոցը։