Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հին կտակարանի երգերից ավելի նրա պարզ զրույցներն ու պատմվածքները ոչ միայն հասկանալի, այլև շատ հաճելի պիտի լինեին դեռ մանկական հայ մտքերին։ Նրանք դյուրությամբ յուրացնելով այն՝ նույնիսկ միամտությամբ կապում էին իրենց երկրի այս կամ այն տեղի հետ և վերամշակելով դարձնում բանաստեղծաթյան նյութ։ Այսպես, օրինակ, Աստվածաշնչի այս խոսքը՝ «Նստաւ տապանն ի լերինս Արարատայ» ներշնչում էր տեղական հետաքրքրություն դեպի ջրհեղեղի և Նոյան տապանի զրույցները, մանավանդ որ հայերին դրացի ասորիների և ուրիշների մեջ, Ս. Գրքից անկախ, եղել են հին զրույցներ ջրհեղեղի մասին, որից ազատվող նավը իբր դուրս է եկել ու կանգնել Հայաստանի Կորդուաց աշխարհում։ Այս ասորական զրույցներն ամենավաղ ժամանակից հավանորեն ծանոթ են եղել և հայերին և Աստվածաշնչի ազդեցությամբ ավելի կենդանացել են։ 5-րդ դարում արդեն ստեղծված է մի նոր զրույց, Նոյան տապանի հետ կապված, որ մանրամասն պատմում է Փ. Բուզանդը (Գ. 10)։ Մծբինի եպիսկոպոս Հակոբը, որ իբր Լուսավորչի ազգական էր, գալիս է «ի լերինս Հայոց, ի լեառնն Սարարադայ, ի սահմանս Այրարատեան տէրութեանն, ի գաւառն Կորդուաց… տեսանել զփրկական տապանն Նոյեան շինուածոյն, զի յայս լերին հանգեաւ նա ի ջրհեղեղէն»։ Եվ նա հրաշալի կերպով իբր ձեռք է բերում տապանի մի կտոր։ Այս զրույցը հետագայում Կորդուաց Արարադ լեռից փոխադրված է Մասիսի վրա, որ և եվրոպացիները կոչում են Արարատ։ Այնտեղ՝ Ակոռի գյուղի մոտ շինվել է և Ս. Հակոբա վանքը, և կա Ս. Հակոբա «հրաշագործ» աղբյուրը, և նմաններ։

Սիփան սարի համար էլ են պատմել նման բան. «Բնակիչները մեկ բան կ’երգեն, այս լեռան վրա իբրև հին երգ և կ’ասեն՝ Նոյա տապանն եկալ ի Սիփան, ասաց.

«Սիփան, ա՛ռ զիս, ա՛ռ զիս»:
Սիփանն ասաց.
«Գնա ի Մասիս, գնա ի Մասիս,
Որ մեծ է քան զիս,
Որ բարձր է քան զիս»[1]:

Այս առասպելը պատմում են նաև Փոքր Մասիսի վրա, որ կոչվում է Սիս անունով: Թողնում ենք ուրիշ զրույցներ Նախիջևանի Նոյա տապանի և այլ տեղերի վրա, որոնք կապված են Նոյի հետ։ Այսպիսի զրույցներ շատ են եղել և միջին ու նոր դարերում։ Քրիստոնեության երկրպագող մոգերից մեկի գերեզմանը Մոկաց գավառում էին ցույց տալիս և այլն[2]:

Բացի սրանից՝ Նոյի, Սեմի և սրա որդի Տարբանի մասին, ըստ Խորենացու, ամենավաղ ժամանակներից արդեն հիշատակություններ են եղել հայ ժողովրդական երգերի մեջ, և այդ անունները ժողովրդական ստուգաբանությամբ կապված են եղել Հայաստանի Սիմ սարի, Տարոն և Ցրոնք անունների հետ։ Նույնն ավելի ևս ուշ ժամանակներում երևան է

  1. Սրվանձտյանց, Գրոց Բրոց, էջ 56։
  2. Մ. Աբեղյան, Հայ ժողովրդական առասպելները, էջ 574 և հտն.: