ներգաղթ, արտագաղթ, ներդրում, միջազգային, ներառյալ, ենթախումբ, վերամշակել, վերհիշել, տրամախաչվել, տարկետում և այլն[1]:
Եվ վերջապես պետք է նկատի ունենալ մի ուրիշ հատկություն ևս, որ ունեն նաև ուրիշ լեզուները, բայց հայերենում այդ ավելի զգալի է հունաբան թարգմանիչներից ի վեր: Այն է՝ հայերենը փոխանակ օտար բառերը գործածելու՝ փոխ է առնում օտար բառերի նշանակությունը և իր միջոցներով կազմում է համապատասխան նշանակությամբ նոր բառեր: Այսպես, օրինակ, հունաբան թարգմանիչները կազմել են «ք ե ր ա կ ա ն» բառը, «քերել» բայի արմատից, համապատասխան հունարենի գ ր ա մ մ ա տ ի կ ո ս բառի, որ ծագում է գ ր ա ֆ օ բայի բնից, որ նշանակում է «քերել»։ Նույնպես ֆ ի լ ո ս ո ֆ ի ա թարգմանել են ի մ ա ս տ ա ս ի ր ու թ յ ու ն, այսինքն առանձին բառ են կազմել ըստ հունարեն բառի կազմության հայերեն արմատներով։ Բազմաթիվ այսպիսի բառեր էլ հունաբան դպրոցից մնում են իբրև սովորական բառեր:
1. «Նոննոսի մեկնաթիւնք Գրիգորի Աստվածաբանի հինգ ճառից»[2]։— Հինգերորդ դարի հեղինակ Նոննոսին վերագրված այս մեկնությունների թարգմանության լեզուն ևս հունաբան է, բայց ոչ այնքան շարահյուսությամբ, որ հեշտ հասկանալի է, որքան հունարենի հետևողությամբ կազմած բառերով։ Գործածված կան և հունարեն բառեր։ Բովանդակությունը մեծ մասամբ վերաբերում է հունական առասպելներին, բայց դա գրված է ոչ թե հատկապես իբրև առասպելաբանություն, այլ իբրև բացատրություն Գրիգոր Աստվածաբանի ճառերի մեջ գործածված առասպելների և զանազան զրույցների։ Այսպիսով՝ եթե դա մի կողմից ծառայել է կրոնա-եկեղեցական նպատակի համար, մյուս կողմից բավական շատ ծանոթություններ է տալիս հին հունական առասպելների ու զրույցների մասին, ուստի և եղել է այս նկատմամբ գիտելիքների աղբյուր մեր հին հեղինակների համար։ Իբրև նմուշ այստեղ դնում ենք հետևյալները։
Յաղագս եղջերուահարաց Ովրիոնի եւ Աքտէովնի.— ԶԱրտեմիս ասեն որսոյ և աղեղնաւորութեան վերատեսուչ գոլ։ Ասի արդ աստուածս այս և զեղինսն քաջ հարկանել, մինչ կոչիլ աստուածուհոյն Արտեմիս եղջերուահար։ Այլ Ովրիոն և Աքտէոն՝ որսորդք էին և սոքա. իսկ Աքտէովն շամբք որսայր, ետես զԱրտեմիս մերկ, և քանզի անմարթ էր զաստուածուհիսն մերկ տեսանել, մանաւանդ զկուսանսն ի նոցունց՝ բարկացեալ արդ Արտեմիս՝ կատաղեցոյց զշունսն Աքտէոնի, որք գտեալ զնա՝ սպանին. իբրու ասի Աքտէովն առ ի շանց գիշատիլ։ Այլ Ովրիոն ասի ի պատահման աստուածոցն առ մորթով արջառոյն, զոր եղեն Իւրեփս՝ թագաւոր թեբէացւոց առ ի հիւրընկալութիւն աստուածոցն, քանզի յայնժամ էր ծնեալ և լեալ։ Այս Ովրիոն եղև սպանանող գազանաց, այլև տռփեալ Արտեմիդեայ. վասն որոյ բարկացեալ աստուածուհին՝ յարոյց կարիճ ընդդէմ նորա, ուստի ընկալեալ հարուածս՝ մեռաւ, վասն որոյ և յերկինս նկարեալ եղև առ կարճին: Զ. էջ 171։
- ↑ Տե՛ս Մ. Աբեղյան. Հայոց լեզվի տեսություն, Երևան, 1931, էջ 126—191՝ «Նախդրավոր բայեր», էջ 211—225՝ «Առաջադիրներով բաղադրություններ»։
- ↑ Բնագիրը՝ (Nonnos). Die Scholien zu fünf Reden des Gregor von Nazianz, herausg. von A. Manandian. Այս մասին՝ Ա. Ակինյանի հոդվածը, «Հանդես ամսօրյա», 1904, էջ 139—146 և 165—173։ Այլև Հ. Մանանդյան, Հունաբան դպրոցը, էջ 236 և հտն.։