Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/115

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բայերի կամ բայաբների վրա դրվող նախդիրները կամ նախաբայերը, որ մեծ դեր են խաղում հունարենում ու լատիներենում, նոր լեզուներից՝ ռուսերենում ու գերմաներենում,- հայերենում նախագրաբարյան շրջանում արդեն մեծ մասամբ կիրառությունից դուրս են ընկել: Դրանց փոխանակել են սովորաբար մակբայները, օրինակ՝ արտաքս [կամ՝ ի դուրս] բերել, ի բաց տալ, փակել ի ներքս, հայել շուրջ. նույնպես և աշխարհաբարում՝ դուրս բերել, շուրջը նայել, մոտ կանչել և նմանները։ Լեզվի այս հատկությունը՝ գիտական տերմինների, մանավանդ գոյականների նկատմամբ՝ ստեղծում է մեծ անհարմարություն։ Այս նկատել են գիտական գրքերի առաջին թարգմանիչերը հենց 5-րդ դարի երկրորդ կեսին և լեզվի այս թերին լրացնելու համար՝ իբրև նախաբայ գործ են ածել մի շարք փոքր բառեր կամ բառերի արմատներ և սրանցով բաղադրել են նոր բառեր հունարենի նախդրավոր բառերի համապատասխան նշանակություններով: Դրանց մեծ մասն այժմ շատ սովորական գործածական բառեր են նոր գրական լեզվի մեջ, ինչպես, օրինակ՝ առոգանություն, ապացույց, բաղկանալ, բաղդատել, բացատրություն, դերանուն, ենթակա, մականուն, նախադասել, ներգործություն, շարադրություն, պարբերություն, ստորադաս, ստորադրություն, հարաբերություն, տարբերություն, տրամադրություն, արտաբերություն, ենթադրություն և այլն:

Հունաբան դպրոցին հատուկ են համարվում հետևյալ փոքր բառերով կամ արմատներով կազմությունները՝ առ, ապ, բաց, արտ, ներ, բաղ, փաղ, շաղ, շար, շոկ, յար, տար, տրամ, պար, բակ, ենթ, ստոր, մակ, վեր, նախ, գեր, դեր, փոխ, հոմ, համ[1]: Սրանց վրա պետք է ավելացնել և մի քանի ուրիշները՝ յառաջ (առաջ), շուրջ, հակ և այլն։ Արդարև, մի քանի այդպիսի կազմություններն իսկույն մատնում են իրենց պատկանելը հունաբան դպրոցին, բայց ընդհանրապես սխալ է ընդունել, թե ամեն այդպիսի կազմություններ, այսինքն կազմության ձևեր, նշան են հունաբան դպրոցի: Ոչ-հունաբան գրվածքներում արդեն կան բառեր, որոնք նույն կազմությամբ են: Այսպես, օրինակ, ունենք՝ առլնուլ (Եզնիկ, Ղազար, Փարպեցի), առկայծել (Ս. Գիրք), ըստ այսմ կազմված են՝ առադրել, առասութիւն, առոգանութիւն, առձեռն (Դիոն. Թր.), առձայնել։ Ունենք՝ վերադիր, վերակացու, վերարկու, վերբերել (Ս. Գիրք), վերաբերել (Ղ. Փարպեցի՝ «Թուղթ», «Յաճախապատում»), վերափոխել, վերաստեղծուլ («Յաճախապատում»), սրանց նմանությամբ կազմված են՝ վերծանել (Դ. Թր.), վերակոչել, վերադիր, վերատրութիւն։ Ունենք՝ տարագիր, տարածել, տարակուսել, տարաժամել (Ս. Գիրք), դրանց նմանությամբ՝ տարաբերել, տարբերել: Ունենք՝ առաջադրութիւն (Ս. Գիրք), յառաջգիտութիւն, յառաջադրել (Եզնիկ), յառաջատես, առաջարկութիւն (Ղ. Փարպեցի), յառաջադէմ, յառագէտ, յառաջագայել («Յաճախապատում»). սրանց նմանությամբ՝ յառաջբերութիւն (Դ. Թր.)։ Ունենք՝ նախակարգ, նախաբանել (Կորիւն), սրանց նմանությամբ՝ նախագաղափար, նախադասել, նախադրութիւն (Դ. Թր.)։ Ունենք՝ շրջագայութիւն («Յաճախապատում»), շրջափակել (Ղ. Փարպ.), դրանց նմանությամբ՝ շրջաբերել: Ունենք՝ պարփակել, համազօր, շարալծեալ, հակամիտել, ներգործութիւն, ներգործել, բացայայտել («Յաճախապատում»), շարագրեալ (Ղ. Փարպ.), բացատալ (= ի բաց տալ. Եղիշէ)։

Այս բառերը բոլորը բնիկ հայկական ձևի կազմություններ են և կան ոչ-հունաբան դպրոցի գրվածքների մեջ։ Եթե հատուկ որոնումներ արվեն, շատ ուրիշ բառեր էլ երևան կգան: Հիշված գրքերից «Յաճախապատումը» թերևս հետագա դարերում մշակված լինի, Ղազար Փարպեցու համար էլ գուցե կարելի լինի ասել, թե նա, 5-րդ դարի վերջում կամ 6-րդի սկիզբներում գրած լինելով, կարող էր ազդվել հունաբան դպրոցից։ Բայց ոչ մի հիմք չկա նույնը ենթադրելու ոչ Ս. Գրքի, ոչ էլ Եզնիկի կամ Կորյունի վերաբերմամբ։

Բայց և այնպես հունաբան դպրոցի ազդեցությամբ, որ գլխավորն է՝ ընդարձակվել է այդ փոքր բառերի կամ արմատների կիրառությունը, և դրանք ստացել են ուրիշ լեզուների նախաբայերի կամ նախդիրների ձևական նշանակությունը։ Վերջերս մեր նոր գրական լեզվի մեջ էլ ազատ կերպով բաղադրել ենք և բաղադրում ենք նորանոր բառեր, ինչպես՝

  1. Ն. Ադոնց, Արուեստ Դիոնիսեայ և այլն, էջ CLXXXIV.