Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/118

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վասն թռչնոյ որ կոչի փիւնիկս.— Է թռչուն մի, որ կոչի փիւնիկս: Յետ երեսուն ամի դառնա ի ծառսն Լիբանանու, և լնու զերկոսին թևսն իւր խնկօք, և երթա ազգ առնէ քրմին յԱրեգ քաղաքի յամսեանն փասնուտ կամ ի պարմոփի, այսինքն արեգ կամ ի քաղոց. և քուրմն իբրև իմանայ, մտանէ լնու զմաքիլսն որթափայտու, և ելանէ [թռչունն] ի քաղաքէն ի բագինն, իւրով լուցանէ զկրակն և անձամբ զանձն իւր այրէ: Եւ վաղիւն մտանէ քուրմն և որոնէ զբագինն և գտանէ որդն ի մոխրին. և երկրորդ աւուրն թևս գործեն. և գտանի ձագ թռչուն և յերրորդ աւուր հրաժարէ իբրև զառաջինն ի քրմէն, և թռչի երթա, բնակէ ի հին տեղին:

Իսկ եթէ թռչունն իշխանաթիւն ունի սպանանել զանձն. անմի՛տք, ընդէ՞ր ամբաստանէք զբանէն տեառն, որ ասէր. իշխանաթիւն ունիմ դնել զնա և իշխանութիւն ունիմ բառնալ: Փիւնիկոս օրինակ զփրկչին բերէ. քանզի նա երկնից եկն և եբեր զերկոսին թևսն լի խնկօք, անուշահոտութեամբ և երկնաւոր պարգևօք լցոյց զմեզ։

Սրա փոխանակն է հետևյալը.

Դարձեալ ասէ վասն հաւուն, որ կոչի արմաւ. ի Փիւնիկեցոց աշխարհին է. գա առ մայրին Լիբանանու՝ մաւտ ի խունկս անուշս և տարածանէ զթևս իւր և առնու ի խնկոցն և ի փայտիցն և շինէ իւրն բոյն. և ի սկսանելոյն մինչև ի վերջն լինին ամք. շ. [=500] և իբրև կատարէ, մտանէ ի ներքս և ուրախանա. և ցտէ զիւր անձն և հուր վառէ յիւր անձնէն. և անկանի ի տուն և այրէ զտունն հանդերձ իւրմովն զաւուրս գ [=3]. և յաւուր երրորդի գտանի անդ որդն մի ի նեխեալ մսին. և գոացեալ աւր ըստ աւրէ՝ լինի գազան իբրև զառաջինն:


3. Աշխարհիկ բովանդակությամբ թարգմանություններ բիզանդական գրականությունից՝ սակավաթիվ են, կամ գուցե եղել են, բայց չեն մնացել և կամ դեռ երևան չեն եկել։ Հայտնիներից կարևոր է հիշել Սուտ-Կալլիսթենեսի «Պատմութիւն վարուց Աղեքսանդրի»[1]: Դա Ալեքսանդր Մակեդոնացու մասին, մեծ մասամբ գրքերից քաղած, մասամբ և ժողովրդական առասպելների ու զրույցների մի պատմվածք է, հին Հունաստանի հասկացությամբ գրված։ Մակեդոնացի մեծ աշխարհակալն արևմուտքից դեպի արևելք արշավելով՝ պատահում է ամեն տեսակ, հաճախ ֆանտաստիկ երևույթների ու հրեշների։ Այս գիրքը սիրված է եղել հնումն և շատ լեզուներով թարգմանված։ Մեզնում ևս սիրված ընթերցանության գիրք է եղել։ Կրտսեր թարգմանիչներից մեկը 5-րդ դարում այդ թարգմանել է ընդհանրապես ընտիր հայերենով, սակավադեպ հունաբան լեզվով։ Թարգմանությունը հետագայում ենթարկված է փոփոխության և նույնիսկ վերամշակության ու հավելվածների։

4. Սրբախոսական և վկայաբանական գրվածքները կարևոր տեղ են բռնում թարգմանական գրականության մեջ։ Դրանց մեջ կենդանի օրինակներ էին տրվում քրիստոնեական առաքինի կյանքի, քրիստոնեական կրոնի համար անհողդողդ հավատարմության և նահատակվելու։ «Սրբոց վարքերի» կամ «Հարանց վարքերի», վկայաբանությունների

  1. «Պատմութիւն Աղեքսանդրի Մակեդոնացւոյ», Վենետիկ, 1842։
    Յակովբոս Տաշեան, Ուսումնասիրութիւնք Ատոյն Կալլիսթենեայ Վարուց Աղեքսանդրի, Վիեննա, 1892։ Այստեղ նաև բազմաթիվ աղբյուրների մասին։