Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/119

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թարգմանիչները մեծ մասամբ դեռ պարզված չեն: Դրանցից հիշենք միայն Մարութայի՝ «Պատմութիւն արևելեան վկայից», և «Ճառ ի վկայսն արևելից», որոնց մեջ պատմված է Շապուհ Բ-ի (310—379) օրով Պարսկաստանում տեղի ունեցած հալածանքի ժամանակ (340—379) նահատակների մասին։ Թարգմանությունը կատարել է Աբրահամ Զենակեցին, որ և Խոստովանող է կոչվում։ Նա Ավարայրի ճակատամարտից հետո՝ Ղևոնդյան քահանաների հետ տարվել է Պարսկաստան և աքսորվել է Ասորեստան, ուր և հավանորեն արել է թարգմանությունը։ Նա վերադարձել է Հայաստան 462 թ.: Նրա մասին գրել են Եղիշեն և Ղազար Փարպեցին[1]։

Հետագայում այսպիսի կազմվել են՝ «Վարք սրբոց» կամ «Վարք հարանց» և «Ճառընտիրք»[2], «Յայսմաւուրք»[3] կոչված ժողովածուները, որոնք պարունակում են սրբերի կյանքը և նահատակների վկայաբանությունները։ Վերջինները, բաժանված յուրաքանչյուր ամսի օրերի վրա, ամբողջ տարին, ըստ ավուր պատշաճի, կարդացվում էին եկեղեցիներում երեկոյան ժամերգությունից հետո՝ «ի յիշատակ սրբոցն և ի յօգուտ վարուց ջերմեռանդ լսողացն»։ Դրանց մեջ կան, հարկավ, և հայազգի սրբերի ու հայ նահատակների մասին ինքնուրույն գրվածքներ: Կանգ առնենք իբրև օրինակ առանձնապես հետևյալ սրբի վարքի վրա։

5. Ալեքսիանոսի վարքը։— Շատ սիրված և, կարելի է ասել, նույնիսկ ժողովրդականացած մի հետաքրքիր պատմվածք է այս սրբի վարքը, «Պատմութիւն յաղագս որդւոյ թագավորին Հռոմայեցւոց, որոյ անուն կոչի այր աստուծոյ»։ Ունենք այդ վարքի համար երկու թարգմանություն[4]։ Երկրորդ թարգմանությունն ավելի ընդարձակ է, մանրամասն պատմված, բայց էապես նույն բովանդակությունն ունի, ինչ որ առաջինը։ Երկրորդի մեջ Ալեքսիանոսի հայրը թագավոր չէ, այլ Եփիմիանոս անունով մի մեծ իշխան Հռոմում Արկադիոս և Ոնորիոս թագավորների ժամանակ, իսկ նրա կնոջ անունն է «Աղլայիս ըստ Յունաց և Աքիլա ըստ Հռոմայեցւոց և ըստ մերս՝ Աննա»։ Ալեքսիանոսի վարքն այս կարգի երկերի գեղեցիկ ու տիպիկ օրինակներից մեկն է, որի մեջ ցայտուն երևան են գալիս վարքագրությունների էական հատկությունները։ Ինչպես հին վիպական հերոսների համար մեծ արժեք ուներ պատմական անձանց նշանավոր ծագումը, այսպես էլ սրբերի վարքերի մեջ սովորաբար նախ փառաբանվում են նրանց ծնողները։ Ալեքսիանոսի վարքի առաջին թարգմանության մեջ նրա ծնողների մասին կարճ ասվում է, թե նրանք «յոյժ սիրէին զաղքատասիրութիւն, և զօտարս և զպանդուխտս ժողովէին ընդ յարկօք

  1. «Եղիշէ, քննական ուսումնասիրություն», Վիեննա, 1909, էջ 137—151. «Աբրահամ Խոստովանող և յուր թարգմանությունը»։
  2. «Ճառընտիր համառօտ», Բուզանդիա, 1822։
  3. «Յայսմաւուրք» (Գ. տպագր.), Կոստանդնուպոլիս, 1834:
  4. «Վարք հարանց և քաղաքավարաթիւնք նոցին ըստ կրկին թարգմանութեան նախնեաց», հատ. Ա, Վենետիկ, 1855, էջ 138 և հտն.։