1. Լեզուն և սկզբնական պատմությունը:— Թե ի՛նչ ծագում ունի հայ ցեղը, ի՛նչպես և ե՛րբ է հաստատվել նա Հայաստանում, ո՛րտեղից և ո՛ր ճանապարհներով է եկել նա իր պատմական հայրենիքը, ի՛նչ ցեղերի հետ է շփում ունեցել մինչև Հայաստան գալը և գալուց հետո, որի՛ց և ի՛նչքան է ազդվել լեզվով և արենակցական խառնուրդով,- այս ամենի մասին ստույգ և ընդարձակ տեղեկություններ չկան: Բայց հիմնվելով հույն մատենագիրների հաղորդածների, սեպագրական հիշատակարանների և հայերի պահած հին ավանդությունների, ինչպես և լեզվաբանական ուսումնասիրությունների վրա՝ որոշ եզրակացություններ են անում: Ամենից առաջ այն, թե հայոց լեզուն, ըստ հնդևրոպական լեզվաբանության, կազմում է ուրիշներից անկախ մի առանձին ճյուղ հնդևրոպական (արիական) լեզուների ընտանիքի մեջ, որին պատկանում են եվրոպական լեզուների մեծ մասը՝ հունարեն, լատիներեն, ռուսերեն, գերմաներեն և այլն, իսկ Ասիայում՝ պարսկերեն, հնդկերեն, և ուրիշները:
Հաբեթական լեզվաբանական տեսությամբ, սակայն, հայերենը կատարյալ հնդևրոպական լեզու չէ: Դա հաբեթական լեզուների ընտանիքից հնդևրոպական լեզուների սիստեմին անցման լեզու է:
Ինչ վերաբերում է պատմությանը՝ ենթադրում են, թե հայերի նախահայրերը, մեր թվականությունից շատ առաջ, բնակվելիս են եղել Եվրոպայում հույների ու թրակացիների նախահայրերին մոտիկ: Այդտեղից նրանք անցել են Փոքր Ասիա, ուր հավանորեն միառժամանակ ապրել են փռիգացիների հարևանությամբ, քանի որ հույն մատենագիրներից Հերոդոտը հայերին համարում է փռիգացիներից ծագած մի գաղութ: Այդ ցույց է տալիս, որ Հերոդոտի ժամանակ, 5-րդ դարում մեր թ. ա., պարզ