Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գիտակցություն է եղել այն մասին, թե հայերն արևմուտքից են եկել իրենց երկիրը[1]:

Այնուհետև հայերը շարժվելով դեպի արևելք՝ մտել են Կապադովկիա և Փոքր Հայք՝ Եփրատից արևմուտք և Գայլ գետից հարավ գտնված երկիրը: Խալդական Մենուա թագավորի մի արձանագրության մեջ հիշված «Ուրմենի» անվան մեջ տեսնում են դեռ Կապադովկիայում ապրող հայերին: Նույնպես հայերի հիշատակությունն են համարում «Իլիականի» մեջ նավերի ցուցակում հիշված «Արիմ-ները», որոնց բնակության վայրը դնում են Կապադովկիայում, Կեսարիայի կողմերը: Այստեղ ու Փոքր Հայքում 7-րդ դարում մեր թ. ա. հայերի հարևան եղել են վաչկատուն կիմմերները—գամիրները, որոնք այդ դարում շարժվում են ամբողջ Առաջավոր Ասիայի վրա: Դրանց անունով հայերը Կապադովկիան կոչել են Գամիրք:

Եփրատից արևելք ի հնուց անտի բնակվել է մի կուլտուրական ժողովուրդ, որ իր սեպագիր արձանագրությունների մեջ իրեն կոչում է խալդինի, իսկ ասորեստանցիները նրա երկիրը կոչում են Ուրարտու, որի հիշատակը մնացել է Հայաստանի Այրարատ նահանգի և Արարադ գավառի (Կորդուք նահանգում) անունների մեջ: Ուրարտացիները 9-րդից մինչև 6-րդ դարի սկիզբները մեր թ. ա. կազմած են եղել բավական զորեղ պետություն, որի դեմ երկար ժամանակ պատերազմներ են մղել ասորեստանցիները: Նրանք շինած են եղել քաղաքներ, ամրոցներ: Նշանավոր են նրանց ջրանցքները, ժայռերի վրա և մեջը շինած բնակարանները: Նրանցից են մնում Հայաստանի զանազան կողմերում սեպագիր արձանագրությունները: Ուրարտուն 6-րդ դարի սկիզբներում ենթարկվում է մարերի գերիշխանությանը: Այդ ժամանակներում հայերը, հավանորեն թիկունքից—արևմուտքից ճնշվելով, շարժվում են դեպի արևելք: Նրանց մի ճյուղը հյուսիսից Եփրատն անցնելով գնում, բռնում է Եկեղիք, մյուս ճյուղն անցնում է դեպի Արածանու հովիտը, մտնում Տարոն: Իսկ մի երրորդ ճյուղն էլ հարավով է շարժվում դեպի արևելք և հասնում մինչև Աղիաբենե Ասորեստանում, Հայաստանի սահմաններից դուրս, և ասորեստանցիներից գրավում մի քանի գավառներ, ինչպես՝ Տմորիք և այլն: Հավանորեն 5-րդ դարում մեր թ. ա. հայերը Տարոնի կողմից սկսել են անցնել դեպի հյուսիս, և հետո մտել են Արաքսի հովիտը: Այստեղ 5-րդ դարի վերջում դեռ ապրում էին ալարոտցիները, որոնք մատիենների հետ (Որմիո լճի վրա) կազմելիս են եղել մի առանձին շրջան:

Երբ բարձրանում է Պարսից Աքեմենյան իշխանությունը, Հայաստանը Մարաց բոլոր երկիրների հետ մտնում է նրանց տիրապետության տակ (մոտ 520—486 թ. մեր թ. ա.): Հայ ազգի անունը հիշատակվում է Դարեհ թագավորի (521—486-ին մեր թ. ա.) մի սեպագիր արձանագրու

  1. Prof. Dr. Jos. Marquart, Die Entstehung und Wiederherstellung d. armenischen Nation, Berlin, 1918, էջ 5 և հտն.: