Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/122

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մոտ: Ալեքսիանոսը երբ կնոջը տեսնում է, ասում է նրան. «Խաղաղութիւն ընդ քեզ, հարսն Քրիստոսի երկնաւոր փեսային»: Կինը պատասխանում է. «Ողորմութիւնն աստուծոյ հասցէ քեզ ի թիկունս, ընտրեալդ յաստուծոյ երկնաւոր թագաւորին»: Հարսանքի ուրախությունը վերջանում է. նրանց մտցնում են առագաստ: Ալեքսիանոսն աղոթք է անում. «և եղև ձայն իմանալի յերկնից յոգւոջ նորա որ ասէր. Ե՛լ ի տանէ քումմէ և եկ զկնի իմ աղքատութեան ճանապարհաւ»։ Ալեքսիանոսն արդեն գիտե, թե ինչ անի: Նա մատանին հանում, տալիս է կնոջը, որ պահի. և հայտնում նրան, թե գնում է եկեղեցի աղոթելու, և հակառակ կնոջ կամքին դուրս է գալիս, գնում եկեղեցի, աղոթում. դարձյալ քաջալերիչ ձայն է լսում երկնքից։ Գնում է ծովափ, նավ է նստում, հեռանում է Հռոմից։ Երբ ցամաք է դուրս գալիս, վաճառում է իր ունեցածը, տալիս է աղքատներին, ինչպես վարվում են սովորաբար սրբերը, և ինքն աղքատի հագուստով գնում է Ուռհա քաղաքը և եկեղեցու դռանը կամավոր աղքատ մուրացկան դառնում։ Նա ուխտում է. «Կենդանի է տէր, զի ոչ մտից յեկեղեցիս, մինչև գիտացից, եթէ եթող ինձ տէր աստուած զմեղս իմ»։ Նա այնտեղ աղոթում, արտասուք է թափում և գիշերն էլ եկեղեցու գավթում մի տեղ մնում: Չնչին չափով հաց ուտում և ջուր խմում, և այնպես ճգնում էր նա։

Երբ Ալեքսիանոսը հարսանքի գիշերը հեռանում է, կինը երկար սպասելուց հետո՝ սկսում է լալ։ Իմանալով Ալեքսիանոսի փախուստը՝ ամեն տեղ որոնել են տալիս նրան չորս հազար ծառաների ձեռով։ Մայրը ողբում է որդուն։ Որոնողները հասնում են Ուռհա (Եդեսիա) քաղաքը. նրանք եկեղեցու դռանը ողորմություն են տալիս Ալեքսիանոսին, բայց չեն ճանաչում նրան։ Իսկ ինքն Ալեքսիանոսը շատ գոհ է, որ արժանացել է իր ծառաներից ողորմություն առնելու:

Բերենք շարունակությունը հին թարգմանությունից։

Երբ ծառաները վերադառնում են հայտնելով, թե Ալեքսիանոսին չեն գտել, այն ժամանակ հայրը փառք է տալիս աստուծուն, ասելով, թե՝ «Տէր ետ, տէր էառ, և եղիցի անուն տեառն օրհնեալ»։ Բայց մայրը լալիս է դառնապես. «և մտեալ ի տուն մի, տարածեաց մոխիր և նստաւ ի վերայ, և եբաց պատուհան ընդդէմ ճանապարհին և ասէ. «Կենդանի է տէր, զի ոչ ելից աստի մինչև տեսից զորդին իմ»։ Կինն էլ մտնում է տան մի անկյունը, մի մութը տեղ և ասում. «Ոչ ելից աստի, մինչև գտից ողորմութիւն ի տեառնէ և տեսից զերեսս տեառն իմոյ և զուգակցի»։ Եւ յայս գործ մտեալ՝ ուխտեցին»։— Մարդ հիշում է Դեղձուն Ծամի սուգը Մհերի մեռնելուց հետո, թե ինչպես նա փակվում է մի սենյակի մեջ «յոթ դռների ետև», մինչև Մհերի նորամանուկի մեծանալը։

Ալեքսիանոսը տասնուհինգ տարի մնում է Ուռհայում եկեղեցու դռանը, անդադար աղոթելով։ Նա իրեն մեղավոր համարելով՝ չի մտնում եկեղեցին, մինչև որ քահանան տեսլի մեջ հրաման է ստանում Սուրբ Կույս Մարիամից, որ ասում է նրան. «Ե՛լ տես առ դուրս եկեղեցւոյդ