Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/121

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ցնծացեալ՝ մխիթարին ի տուրսն աստուծոյ. և նոյն ինքն է օրհնութիւնն աստուծոյ առ նախահարսն և առ ծնօղսն աստուածամօրն։ Եւ զիս տեսանեմ զրկեալ յայնմանէ, վասն այսորիկ լամ և ողբամ, ընդդէմ աստուծոյ կոծիմ, զի թէ ողորմեսցի գերելոյս և անարժանիս և տացէ ինձ զաւակ, բարի և աստուածասէր լիցի. ապա թէ ոչ՝ մի՛ տացէ, ոչ խնդրեմ զայնպիսին: Եւ դու, տէ՛ր իմ, մեծաբանեալ ես ի վերայն իմ իբրև անդէպ ինչ խնդրողի, և ոչ տաս թոյլ համարձակ ողբալ զթշուառութիւնս ընդդէմ առատ և ողորմած տեառն իմոյ և արարչի»։ Զայսպիսի բան և որ նման սոցին ասաց առն իւրում առանձինն. քանզի յոյժ ամօթխածութեամբ զարդարեալ էր երանուհին Աղլայիս։ Եւ իբրև լուաւ զայսոսիկ ի քաղցր ամուսնոյ իւրոյ աստուածասէրն Եփիմիանոս, արդարացուցեալ զասացեալսն ի նմանէ՝ լցաւ և ինքն տրտմութեամբ, և արտասուօք պաղատէր առ տէր»:

Այնուհետև նրանք, ինչպես մինչև վերջերս ամուլ հայ կանայք անում էին, ուխտ են գնում վանքերը՝ աստուծուց զավակ խնդրելով, առատ նվերներ են տալիս վանքերին: Վերջապես նրանք մի որդի են ունենում, մեծ ուրախություն են անում գրեթե ամբողջ քաղաքով, և հանդեսով մկրտում, անունը դնում Ալեքսիանոս— այր աստուծոյ։ Կրոնական ուսում, նույնիսկ փիլիսոփայություն և հռետորություն են սովորեցնում նրան. տղան ինքն էլ շատ ուսումնասեր էր «և օր ըստ օրէ վառէր ի սէրն աստուծոյ»։ Ծնողների ուզածն էլ այդ էր. նրանք ուրախ էին, «քանզի էր Ալեքսիանոս զարդարեալ ամենայն առաքինութեամբ, և ոչինչ փոյթ էր նմա մեծութիւն և երևելի փառքն ծնողացն, այլ հեզ էր և խոնարհ և հանդարտ և իմաստուն յոյժ և խոհեմ և լի հոգւով սրբով, և էր հնազանդ և հլու ծնողացն»։ Ահա ընդհանրապես սրբերի ներքին բարեմասնությունները մանկական հասակում։ Բայց նա օժտված է և մարմնական կողմից, ինչպես հաճախ պատմվում է վարքագրությունների մեջ սրբերի մասին. «Եւ էր վայելուչ հասակաւ և գեղեցիկ պատկերաւ արեգակնակերպ տեսակաւ, և ունէր ձայն զօրաւոր և քաղցր իբրև զքնարի»: Ամենքին սիրելի է Ալեքսիանոսը, մեծ ապագա են մարգարեանում նրա համար, երանի են տալիս նրա հորը, որ այնպիսի զավակ ունի. նա էլ ուրախացած՝ այդ մասին պատմում է կնոջը։ Իսկ Ալեքսիանոսն ինքը վախենում է, որ մի գուցե իր ստացած բոլոր պատիվները մոլորեցնեն իրեն և աստուծուն աղաչում է՝ «փրկել զնա ի խոտորեցուցիչ փառաց և ի մեծութենէ անտի», որպեսզի միայն աստուծուն ծառայի։

Երբ տասնութ տարեկան է դառնում, նրան, հակառակ իր կամքի, ամուսնացնում են Հռոմ քաղաքի թագավորազներից մեկի դստեր հետ։ Հարսանքի ժամանակ, երբ բազմությունը հավաքված է ուրախություն անելու, նա քաշվում է մի զատ սենյակ։ Հայրը գնում, ասում է, «Որդեա՛կ, ընդէ՞՚ր եկիր այսր. ո՞չ ապաքէն բազմութիւն քաղաքիս թագաւորաւն հանդերձ վասն քո ժողովեալ են այսօր։ Արի՛, որդեակ, առ կին քո և խօսեաց ընդ նմա և ուրախացիր»։ Ձեռից բռնում, տանում է կնոջ