Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/124

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պայծառացեալ և արդ շիջեալ գտանի։ Աղաչեմ զձեզ, մա՛րք, որոց ծնեալ իցէ մանկունս, և հա՛րք, որոց իցեն որդիք, գալարին աղիք իմ ի վերայ որդեծնութեան գթոյն և ի վերայ վարդոյդ որ թարշամեցաւն ի բուրաստանին և ոչ գոյ զօրութիւն հոտոյ. տեսէք զիս և ողորմեցէք ինձ»: Եվ սրբի երեսի վրա ընկած ասում է. «Որդեա՛կ իմ, սնուցի զքեզ ի վերայ ծնգաց իմոց, և կաթամբ դիեցուցի զքեզ քաղցրաբուխ ստեամբ. ընդէ՞ր ոչ ողորմէիր ինձ յորժամ էի արգելեալ ի բանդ վասն քո. ո՞չ տեսանէիր զտառապելութիւն իմ, քաղցրիկ որդեակ իմ, և զնեղութիւն անձին իմոյ. լո՛յս աչաց իմոց, սիւն հաստատութեան տառապեալ հօր քո և գերեցելոյ մօր քո, զի ոչ երբէք դադարէր լեզու իմ հանապազ յիշել զքեզ և յոգւոց հանել»։

Նույն քնարական զեղումն է անում և սրբի կինը: Նա երբ իր արգելարանում լսում է, իսկույն գալիս ընկնում է դիակի ոտներն և ասում է. «Ես տառապեալս յերեկ մտի յառագաստ և այսօր գտանիմ այրի մնացեալ. ահա եղէ ես իբրև զտատրակ որ մեռաւ ամուսին նորա, և նորա գնացեալ յանքոյթ տեղի և ոչ նստեալ ի վերայ դալար ոստոց. նոյնպէս և ես գնացից ի քարածերպս և զգեցայց սեաւ զամենայն աւուրս կենաց իմոց ի մահուանդ քում»։

Ալեքսիանոսի դին պատում են պատվական հանդերձներով, դնում են տախտի վրա, որ էր ոսկի և թանկագին քարեր, և սկսում են աղոթք անել։ «Եւ ամենայն նեղեալք և ախտաժէտք որք մերձենային ի նշխարս սրբոյն՝ բժշկէին յամենայն ախտից, և կաղք և կոյրք և նեղեալ յայսոց պղծոց բժշկէին»: Գերեզման են փորում, բայց բազմության ձեռից չեն կարողանում երանելիի նշխարքը դնել իր հանգստարանը։ Այն ժամանակ հրամայում են գանձ շաղ տալ, որպեսզի ամբոխը դրանով լինի։ Եվ այսպես սաղմոսներով ու օրհնությամբ թաղում են։ «Եւ բազում բժշկութիւնք լինէին ի հողոյ հանգստի սրբոյն»։ Գերեզմանի վրա եկեղեցի են շինում և նրա մահվան օրը, փետրվարի 5-ին, տոն կատարում։

Ահա մի վիպական կենդանի պատմվածք, որ մեծ հետաքրքրությամբ կարդացել կամ լսել են կրոնական ոգով տարված ընթերցողները և ունկնդիրները։ Նրանց վրա զորեղ ազդեցություն է թողել գործող անձերի հոգեկան վիճակը, առանձնապես գլխավոր հերոսի կամքի հաստատությունը ճգնական կյանքի համար, թե ինչպես նա նորահաս տարիքում, անգամ առագաստի գիշերը, փախչում է ֆիզիկական ցանկությունից ու հեշտանքից և ապա թե ինչպես համբերությամբ, կամավոր կերպով, տանում է ամեն տառապանք նույնիսկ իր հոր դռանը։

6. «Հարանց վարքերի» մեջ եղած պատմվածքները, ոչ միայն Ալեքսիանոսի, այլև ուրիշների, ինչպես օրինակ, «Վարք երանելոյն Աբբայ Մարկոսի և կատարումն նորին և խօսք առ Սերապիոն»[1], շատ

  1. «Վարք սրբոց հարանց», հատ. Ա, էջ 188 և հտն.: