Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/125

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կարդացված են մեզնում և հեշտությամբ հասել են իրենց նպատակին՝ կենդանի օրինակներ ներկայացնելով քրիստոնյա հասարակության համար՝ նրա մեջ անզգալի կերպով պատվաստել եկեղեցու քարոզած գաղափարները։ Ճգնազգյաց անապատականների կյանքից առած հրաշապատումները, ինչպես են դևերի փորձությունների դեմ մաքառելը, հրեշտակների երևալը, տեսիլները, նույնիսկ անշավիղ, անջուր անապատում ապրելն ու ճանապարհ գնալը, «կախարդների դրախտը» մտնելը հակառակ դևերի, և շատ նմաններն իրենց զգայացունց տեսարաններով, գրգռել են հավատացողների երևակայությունը և դարձել մարմնի ոչնչացման և աշխարհուրացման համար ամենից ուժեղ միջոցը։

«Հարանց վարքերի» մեջ հավաքած նյութերը երբեմն փոքր ի շատե ընդարձակ, բանաստեղծական ոճով հորինված պատմվածքներ են. դրանց մեջ կան և գեղեցիկ մանրազրույցներ, ծերերի խոսքեր ու խրատներ։ Բոլորի նպատակն է, հարկավ, կրոնական կրթությունն ըստ եկեղեցու հասկացության, ինչպես են՝ զղջում և արտասուք, առանձնական «հանդարտութիւն», կատարյալ առաքինության, անընչություն, համբերություն, ուղիղ դատաստան, օտարասեր լինել, հնազանդություն, խոնարհություն և այլն։ Մեծ մասի մեջ նույն ճգնավորական կյանքն ու իդեալն է երևան գալիս։ Պակաս չեն և զրույցներ, որոնց մեջ պատմվում է կրոնավորների անժուժկալության մասին, և կամ թե ինչպես կրոնավորը «չի հանդարտում», «պատերազմում է» պոռնկական չար դևի դեմ, «և էր պատերազմ նորա իբրև զհուր վառեալ,—ասվում է մի զրույցի մեջ,— և այրէր զսիրտ նորա ի գիշերի և ի տուընջեան»[1]։

Ահա մի զրույց, որից տեսնում ենք, թե ինչպես կրոնավորն ինքն իրեն տանջում է, որպեսզի լա և արդարանա։

Եղբայր ոմն կրօնաւոր եղև և բնակէր ի լեառն Նիտրիոյ, և էր սենեակ նորա մերձ այլում եղբօր. լսէր, զի ողբայր նա զմեղս իւր օր ըստ օրէ: Իսկ յորժամ ոչ գային արտասուքն, ասէր ցանձն իւր. «Ընդէ՞ր ոչ լաս զքեզ, եղկելի և վատթար. և եթէ ոչ կամիս լալ դու, ես արարից, զի լացցես»։ Եւ ունէր խարազան չուանեայ կարկամ յոյժ, և յարուցեալ առնոյր զխարազանն զայն և հարկանէր ուժգին զինքն, մինչև ի ցաւոց հարմանն վշտանայր և լայր: Զարմանայր ընդ այն մերձաւոր եղբայրն և աղաչէր զաստուած յայտնել նմա, եթէ բարւո՞ք առնէ նա, զի տանջէ զանձն իւր։ Եւ ի միում գիշերի ետես նա ի տեսլեանն, որպէս զի կայր եղբայրն այն ի գունդս մարտիրոսաց կարգեալ, և պսակ պայծառ կայր ի գլուխ նորա, և ասէ ոմն ցնա. «Տեսանե՞ս դու զբարւոք զայս նահատակ, որ նեղէ զանձն իւր և հարկանէ վասն սիրոյն Քրիստոսի, թէ ո՛րպէս ընդ գունդս վկայիցն դասեալ է»[2]։

Բերենք մի մանրազրույց ևս, թե ինչպիսի բաները մեղք են համարում և ինչպես ապաշխարում են[3]։

Եւ մինչդեռ երանելի ծերն նստէր ի խցին իւրում, մժղուկ մի ի սրունն նստաւ. իսկ երանելի ծերն շփեաց զոտսն և ճմլեաց զմժղուկն։ Եւ իբրև ետես զարիւն մժղկին, ինքն

  1. Անդ, էջ 650։
  2. Անդ, էջ 560։
  3. Անդ, էջ 90։