Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/135

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նորադարձների, ապա չպիտի մոոանալ, որ հայ ժողովրդի մեջ 5-րդ դարում կային ամբողջ հատվածներ, որոնք հեթանոս էին և, ինչպես Կորյունը գրում է, Մաշտոցն «ի սփիւռս հեթանոսաց» էր քարոզում[1]:

3. Նյութը։— Այս ճառերի մեջ հեղինակի ձգտումն է՝ խրատել և ուսուցանել։ Դրանք «հոգևոր խրատներ» են, որոնց ընդհանուր խնդիրն է քրիստոնեական ուսումն ու բարոյականությունը։ Ճառախոսը քարոզում է քրիստոնեական առաքինի կյանքի պայմանները՝ բարքերի մաքրություն, ժուժկալության, սեր, հեզություն, գթություն։ Նա հորդորում է՝ բարի անել, հեռու մնալ անառակությունից, չարից, և նմանները։ Եվ այս ամենը մի ընդհանուր վերջնական նպատակի համար, որ է «աշխարհի խաղաղությունն ու շինությունը»։

Կան ճառեր, որոնք նվիրված են հատուկ խնդիրների, ինչպես են՝ պահք (Թ.), «Վասն հոգւոց մարդկան բացայայտութիւն» (ԺԵ.), «Վասն մարտիրոսացն վարդապետութիւն ուսմանց» (ԺԶ.)։ «Յորդորումն ապաշխարութեան խոստովանեալ» (ԺԹ.), և ուրիշները։ Այսպիսի ճառերի մեջ ևս պահվում է նույն ընդհանուր խրատական բնավորությունը։

Հատուկ խնդիրների նվիրված ճառերից մեկն է նաև՝ «Խրատք ճգնութեան և ցոյց հանդիսից, որ յառաքինութեան յորդորմունս» (ԻԳ.)։ Այս ճառը վերաբերում է վանականներին ու վանքերին, որ Մաշտոցը հաստատել էր Հայաստանի զանազան կողմերում։ Նա մանրամասն կանոններ է տալիս վանականների կենցաղավարության համար, մի առ մի խոսում է պարտականությունների մասին վանական պաշտոնյաների, որ են՝ վերակացու, տնտես, շաբաթավոր, տեսուչ հիւրոց, «տեսուչք եզանց հողագործաց կամ խաշանց արօտականաց և հօտից կթոց և գրաստուց բեռնակրաց», «որոց օդն [=ոտնաման] հաւատացաւ», գործավար, գործակալ։

Հասարակական խնդիրներ չի հարուցում ճառագիրը, այլ խոսում է անհատական արարքների մասին։ Մեկ-մեկ, սակայն, նա ակնարկում է դասակարգային հարաբերության, աշխատավորների խռովությունն ընդդեմ տերերի՝ համարելով հետևանք մարդկանց չարագործության. «Եւ զխաղաղութիւնն և զշինութիւնն… ի խռովութիւն և ի տարակուսանս դարձուցանէ [աստուած] և յանհնարին չարիս—խռովութիւնս ընտանեաց և օտարաց, ծառայից և տերանց և ի պէսպէս չար համբաւս, զի այսոքիւք դարձցին ի զղջումն»։ Իսկ եթե դրանով չեն ուղղվում, շարունակում են չարիք գործել, «և արհամարհեն զօրէնս և զիրաւունս տնանկաց և զողորմութիւն կարօտելոց, և զճշմարտութիւնն անիրաւութեամբ ունին, և անտես առնեն զարտասուս նեղելոց, և ձայնի զրկելոց ոչ լսեն, և որ այլ ևս իցեն չարիք», դրա համար «մատնէ արդար դատաւորն ի սով և ի սուր և ի գերութիւն և ի կորուստ» (Է. 74 և հտն.)։ Այդպիսիները, նույնիսկ եթե Արշակունի թագավոր լինի, ինչպես վերևում տեսանք, իրենց վատ արարքների համար կպատժվեն արդար իրավունքից։ Պատժողն, ուրեմն,

  1. Կորիւն, Վարք Մաշտոցի, էջ 60։