Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/136

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աստված է։ Իսկ ինքը հեղինակը չի քարոզում տառապյալների ըմբոստացում, ընդվզում ընդդեմ կեղեքողների, այլ միայն գթություն, ողորմություն հարստահարողներից դեպի կեղեքվածները և «զիրաւունս առ ամենեսեան ցուցանել»: Ընդհակառակն, նա բռնում է քրիստոնեական եկեղեցու հայտնի սկզբունքի կողմը՝ «որք ընդ իշխանութեամբ են ի մտերմութեան կեալ»,— իշխանության ներքո եղողները հավատարմությամբ պիտի կենան:— «Զի ոչ ուստեք է, ասէ, իշխանութիւն, բաց յաստուծոյ. և որք են՝ յաստուծոյ են» (Ժ. 116),- ասում է նա հետևելով Ավետարանին և Պողոս առաքյալին։ «Այլ և զթագաւորս և զիշխանս և զդատաւորս ի խաղաղութիւն և ի շինութիւն աշխարհի կարգեաց աստուած. զի զամբարիշտս, զշունս, զգողս, զկախարդս և զամենայն անիրաւս պէսպէս տանջանօք և մահուամբ զարհուրեցուսցեն. զի ամենայն չարագործք ըմբռնեալ ի յահէ արգելցին ի չարեաց»։ Այդ է իշխանավորների գոյության հիմքը։ «Բայց է և ի նոսա՛ անիրաւութիւնք նման նոցա [այսինքն՝ ինչպես շնացողները, ամբարիշտները, գողերը…] և առաւել ևս, որք կաշառօք և կամ այլ ևս չարեօք բազմացուցանեն զանօրէնութիւնս համարձակեալ ի վնասս»։ Այդպիսի անիրավ իշխանավորներին նա միայն աստուծու բարկությամբ և հանդերձյալ կյանքով է սպառնում. «Եւ վասն այսորիկ բանան դրունք բարկութեան սովոյ և սրոյ և գերութեան և պէսպէս վտանգից և մահուց, և յետ աստեացս ի հրախառն խաւարն արտաքին, ուր լալ աչաց է և կրճել ատամանց» (Ժ. 104 և հտն.)։ Այս միևնույն խնդրին, այսինքն՝ իշխանների ու դատավորների պարտականությանը, դառնում է նա ուրիշ անգամներ ևս, այսպես, օրինակ, Ը. ճառի մեջ՝ «Յանդիմանութիւն դժնդակ վարուց և ընծայութիւն առաքինութեան հանդիսից»։ Դա ուղղված է ընդդեմ բարքերի ապականության՝ պոռնկության և անառակության, և այլ գարշելի ախտերի, որոնք մարդուն ստորացնում են ավելի քան անասունները։

Մաշտոցն ուրիշ ազգերի իրավարարության և հունական գրավոր «իրավունքի» մասին խոսելիս՝ մի խոսք անգամ չի ասում հայերի համար։ Դրա փոխանակ նա սկզբի ճառերի մեջ խոսում է նաև դավանաբանական խնդիրների մասին, որ նա չէր կարող անուշադիր թողնել։ Այս մասին նրա և Եզնիկ Կողբացու տեսակետները նույն են, և երկուսի մեջ ևս դրանք գրեթե նույն ձևով և նույն բառերով են արտահայտված։ Եզնիկի ուսումնասիրության մեջ կհիշատակվին համապատասխան կտորները նաև «Յաճախապատումից»։ Առհասարակ ուրիշ դեպքերում էլ երկուսի մեջ կան նման կտորներ։ Բերենք այստեղ մի հատված, ուղղված տարրապաշտության, կրակ ու ջուր և արեգակ պաշտելու դեմ, որի նմանը կա և Եզնիկի մեջ, քանի որ դա արդիական նշանակություն է ունեցել այն ժամանակ։

«Եւ որք մոլորեցան ի ճշմարտութենէ անտի, բարկութիւն Աստուծոյ կայ մնայ ի վերայ նոցա։ Զի զտարերս ամենայն աստուածս արարին, զշնչաւորս, և զանշունչս, զջուր և զհուր։ Զի ջուր[ք]ն ի պէտս կենդանեաց արարան յԱստուծոյ՝ որ արբուցանեն զերկիր. և