Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/146

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առնըլոյ այլ պաշտօն հարկանելոյ: Կամ զլուսին՝ որ ամսոյ ամսոյ հիւծանի, գրեթէ և մեռանի, և ապա սկիզբն առնու կենդանանալոյ, զի քեզ զյարութեան օրինակն նկարիցէ: Կամ զօդ՝ որ մերթ գոչիցէ վարազացեալ՝ հրամանաւ, և մերթ սարսէ ի գոչելոյն՝ սաստիւ: Եւ կամ զհուր՝ որում և զքեզ իսկ երկրորդ արարիչ կազմեաց յօրինիչն, զի յորժամ կամիցիս՝ վառիցես, և յորժամ կամիցիս՝ խափուցանիցես: Կամ զերկիր՝ որ հանապազ բրեմք, և ցանկ կոխեմք և զաղբ զմեր և զանասնոց մերոց ի նա հեղումք: Կամ զջուրս՝ զոր հանապազն ըմպեմք, և զանուշութիւն նոցա ի ժանտահոտութիւն ի փորի մերում դարձուցանեմք, և զներքին և զարտաքին աղտեղութիւնս մեր նոքօք սրբեմք:

Եւ այսու ամենայնիւ յայտ է՝ թէ զոր առ աստուածսն ունին, անարգեն շատք և անպատուեն: Նա և դողումն և սոսկումն ունի զարարածսն, յորժամ զպատիւ արարչին ոք նոցա մատուցանիցէ. և յայտ առնէ երկիր շարժելովն, և լուսաւորքն խաւարելովն, և օդքն գժդմելովն և քստմնելով, և ծով սաստկութեամբ ալեացն սպառնալեօք: Զի թէ ոչ սաստ արարչին նահանջէր զնոսա, մի մի ի նոցանէն բաւական էր զամենսին սատակել՝ առ ի խնդրելոյ զվրէժ անարգանաց հասարակաց արարչին: Կամ ծով ծածկելով, որ տկար աւազովն պաշարեալ՝ չիշխէ անցանել ըստ հրաման: Կամ երկիր կլանելով, որ ի վերայ ոչընչի կայ հաստատեալ, և յոչինչ դառնալ և դարձուցանել չէ պատշաճ զիւր զբնակիչսն: Կամ հողմ պարտասեցուցանելով, որ կենդանութիւնն է ամենայն շնչաւորաց, և չիշխէ արգելուլ զկենդանութիւնն՝ առանց հրամանի կենդանապահին: Կամ օդք երբեմն զսառամանիսն շնչելով, և երբեմն զխորշակն բերելով. և լինէր ամենայն ինչ որ ինչ:

Այլ նա՛ աւասիկ իբրեւ զկառս իմն լծեալ ի չորից երիվարաց զաշխարհս տեսանեմք, ի ջերմութենէ, ի ցրտութենէ, ի ցամաքութենէ և ի խոնաւութենէ. և զօրութիւն իմն ծածուկ կառավար, որ զչորս կագեցողսն ընդ միմեանս ի հաշտութեան և ի հաւանութեան պահեալ նուաճէր: Ամենայն կառք ի համազգեաց երիվարաց լծին, բայց միայն այսց կառաց՝ որ ի չհամազգեաց լծեալ են, և որ ի համազգեացն լծեալ են՝ երբեմն սայթաքին, երբեմն օձտեն և ի տագնապի զկառավարն և զանձինս կացուցանեն. և երբեմն խորտակումն իսկ կառացն գործեն, և յորժամ ողջ կառքն իցեն, և ողջ կառավարն, և վարժ երիվարքն, ուշ եդեալ ի հանդէպ երեսացն և եթ արշաւին. և այս կառք զարմանալիք ի հակառակ և յաննման երիվարաց լծեալ և ծածուկ ձեռամբ ուղղեալք, ոչ ի միմիայն կողմն ի հանդէպ երեսացն և եթ արշաւին, այլ յամենայն կողմանս վարգին, և ընդ հանուր արշաւին, և ընդ բնաւս սլանան, և ամենայնի բաւական են։ Յորժամ ընդ արևելս ընթանան, չէ ինչ արգել՝ թէ ընդ արևմուտս ոչ արշաւիցին, և յորժամ ընդ հիւսիսի վարգին, չէ ինչ արգել՝ թէ ընդ հարաւ ոչ սարայցեն. զի ձեռն կառավարին բաւական է յամենայն կողմանս դիմեցուցանել, և ընդ չորս անկիւնս տիեզերաց արշաւեցուցանել» (էջ 11 և հտն.)։

Այսպիսի հատվածներով Եզնիկի երկը դաոնում է արդեն մի հիշատակարան գեղեցիկ գրականության։ Բայց և այնպես ավելի կարևորը և հետաքրքիրն այն չէ, թե ինչպես է նա հորինում, որքան այն, թե ինչ է նա հերքում և ինչ հաստատում։ Արդարև, նրա քարոզած տեսությունն և հերքելու ու մեկնելու եղանակներն ինքնուրույն չեն, այլ մինչև 5-րդ դարն ընդհանուր եկեղեցու մեջ ընդհանրացած էին, բայց նա այդ բերում է այնպիսի մի հստակ ու պայծառ ձևով, նյութի լիակատար ուսումնասիրությամբ, որ նրա գործն ապագայի համար մատենագրական մեծ նշանակություն է ունեցել և կարելի է ասել, թե նրա երկով արդեն քրիստոնեական աստվածաբանությունը, միջնադարյան քրիստոնեական աշխարհայացքը, հաստատված է մեր գրականության մեջ ամբողջական տեսությամբ և հակառակորդներին տրված ուժեղ հարվածներով։

5. «Ճշմարիտը»։– Ի՞նչ է «ճշմարտությունը», որ ջանում է սովորեցնել Եզնիկը, կամ ի՞նչ է նրա հակաճառության նյութը։ — Այդ շատ