9. Պայքար դուալիստական աշխարհայացքի դեմ։— Որովհետև կարելի չէ ընդունել, թե «բարի արարիչը» չար բան ստեղծած լինի, ուստի հեթանոս հույները, մոգերն ու հերձվածողները «չար իմն էութիւն հակառակ բարւոյ դնեն» (էջ 8)։ Ասում են՝ կա «ինչ չար զօրութիւն, որ զայն ամենայն անհարթութիւնս տայցէ գործել, և ինքն իսկ արարիչ իցէ նոցա» (Դ էջ 15): Ինչպես վերևում էլ ասվեց, հույն փիլիսոփաները կարծում էին, թե «էր ինչ ընդ նմա, որում հիւղն անուն էր՝ որ է նիւթ, ուստի զամենայն արարածս արար, և զատոյց ամենարուեստն իմաստութեամբ և զարդարեաց վայելչութեամբ. և յայնմ նիւթոյ պարտ է կարծել զչարիս»։ Բայց «որ ինչ մրրախառն էր ի նմանէ, և չէր պատշաճ արարաչութեան, զայն եթող: Եւ յայնմ մրրոյ են չարիք մարդկան» (Դ. 16. տե՛ս էջ 167)։ Ըստ այսմ ուրեմն՝ երկու սկիզբ, երկու անարար են ընդունում։ Դա հակառակ էր Եզնիկի մոնիստական հայացքին և այն տեսությանը, թե աշխարհս ոչնչից է արարված։ Ուստի նա մանրամասնորեն ժխտում է հյուղի—նյութի ինքնակա գոյությունը և հասնում այս ընդհանուր եզրակացությանը. «Յայտ է, թէ երկուց անարարաց ի միասին չէ մարթ լինել»։
Նա հյուղի գոյությունը հերքելու համար բանեցնում է մի շարք արգումենտացիաներ— փաստարկումներ։ Բերենք հետևյալները։ Պա՞րզ տարր էր հյուղը,—հարցնում է նա,— թե՞ բաղադրված (բարդ)։ Եթե պարզ ու մենակերպ տարր էր հյուղը, ապա կարելի չէ ասել, թե հյուղից է ստեղծվել աշխարհը, որովհետև աշխարհս քարդ ու պես-պես տարրերից է կազմված, իսկ բաղադրյալը, բարդը, չի կարող մեկ պարզ տարրից կազմվել, քանի որ բաղադրյալները պարզ տարրերից են բաղադրվում։ Իսկ եթե ասեն, թե հյուղը պարզ տարրերից էր բաղադրված, ապա ուրեմն կար ժամանակ, երբ հյուղը գոյություն չի ունեցել, որովհետև նա առաջ է եկել պարզ տարրերի բաղադրվելուց. ուստի հյուղը ստեղծված է լինում և ոչ անարար։ Որովհետև եթե հյուղը բաղադրյալ էր, իսկ բաղադրյալները պարզերից են կազմվում, ապա ուրեմն կար ժամանակ, երբ հյուղը չկար, քանի դեռ պարզերը չէին միացել միմյանց հետ։ Եվ եթե կար ժամանակ, երբ հյուղը չկար, ապա ուրեմն ոչ մի ժամանակ էլ նա անարար չէր։ Մյուս կողմից՝ եթե աստված անարար էր, անարար էին և պարզ տարրերը, որոնցից բաղադրվել է հյուղը, հետևաբար երկուսը միայն չէին անարար, այլ հինգը։ Դրանք են՝ մեկն աստված, մյուսները՝ չորս տարրները (էջ 23 և հտն.)։