Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/152

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«առանձինն՝ ապականիչք են միմեանց, և խառնեալ ընդ ընկերին՝ օգտակարք և շահաւորք» (էջ 9): «Բազում անգամ զոր բարին կարծիցեն, միայն առանձինն՝ առանց ընկերին խառնութեան՝ վնասակար լինի» (էջ 8)։ Թե այդպես է, այդ «յամենեցունց առ հասարակ վկայեալ», «ամենեցուն յայտնի է», այսինքն ճշմարիտ իրականություն է: Հետևաբար «ի բարեաց արարչէն չար ինչ չիք լեալ. և չիք ինչ չար որ բնութեամբ չար իցէ» (էջ 8):

Ինչպես կարելի է տեսնել, բնության առարկաների չար ու բարի լինելը չափվում է մարդկանց համար օգտակար կամ վնասակար լինելով. Չար կարծված գազաններն էլ, — ասում է նա,— մեկ-մեկ օգտակար են լինում. «Զի՞նչ չար քան զօձ կայցէ, և ի նմանէ թերիակէ. և ի սպանող դեղոց… չև հասուցեալ և անդէն բուժէ։ Եթէ բնութեամբ չար ինչ էր օձ, կամ չարի իրիք արարած, ապա չգտանէր ինչ ամենևին ի նմա օգտակար, և ոչ զգօնանայր երբէք ի գազանութենէ անտի իւրմէ» (էջ 45): Բոլոր գազանների մեջ մի օգտակար բան կա, կամ մորթը, կամ ճրագուն և այլն։ Նույնպես և բույսերը որոշ դեպքերում օգտակար են, որոշ դեպքերում՝ վնասակար։ (Դ. էջ 46—49)։ Բնության մեջ, ուրեմն, ըստինքյան չար ու բարի չկա, բայց չարիք լինում է։ Չարիքի պատճառը մարդիկ են,– ասում է նա։ Նրանք են «արարիչք չարեաց. զի ինքեանք են պատճառք առնելոյ և չառնելոյ». որովհետև չարիքն ուրիշ բան չէ, բայց եթե անձերի «արգասիք», այսինքն գործողություն (էջ 21, Է.), և մարդն իր կամքով է չար գործում (էջ 26, Թ.)։ Չարիքը «կամածին» է և ոչ «բնութեամբ»։ Բայց բացարձակ չար գործողություն էլ չկա. այստեղ էլ չարիքի հասկացությունը հարաբերական է։ Միևնույն գործողությունը կարող է և չար համարվել և չհամարվել, նայելով պարագային։ Առն և կնոջ սեռական մերձավորությունը, օրինակ, «բարիոք» է, եթե մարդ «յիւր կին որ օրինօք ամուսնացեալ մերձենայցէ» որդեծնության համար. «ապա եթէ ուրուք թողեալ զիւր կին, զայլոյ ամուսնութիւն թշնամանիցէ, գործ չարութեան գործէ»։ Նույնպես և սպանության վերաբերմամբ: «Յորժամ զըմբռնեալն ի շնութեան ոք սպանանիցէ, պատուհաս ի վերայ ածեալ վասն յանգգնութեանն, չառնէ չար ինչ։ Ապա եթէ զանմեղն ոք… սպանանիցէ, կամ վասն ինչս զերծանելոյ, կամ վասն ստացուածս հատանելոյ, չարութիւն գործէ. և գործն նոյն է երկոցունց, բայց օրինակն ոչ նոյնպիսի»։ Այսպես և շատ ուրիշ դեպքերում։ Գործողությունն ըստինքյան չար չէ, այլ «իրքն չարք յայնժամ լինին, յորժամ պէտքն օրինօք ոչ վճարեսցին» (էջ 27, Ժ.)։ Գործողության չար ու բարի լինելն, ուրեմն, որոշվում է գործողության օրինականությամբ. օրինականը բարի է, օրենքի հակառակը՝ չար է։ Դրա համար և չարագործները պատժվում են օրենքով։ Եթե չարիքը բնական լիներ, չարագործին պետք էր արգահատել և ոչ թե պատժել։ «Մարդոյ բնութիւն բարեաց ցանկացող է և ոչ չարեաց», այնպես որ նույնիսկ չարագործը երբեք հանձն շի առնում չարագործության անունը (էջ 42—44)[1]։

  1. «Յաճախապատում»՝ «Զի արարածոց կամք հաղորդեալ իցեն ընդ նորա բարի կամացն ի ձեռն օրինաց եղելոց» (Ե. 40)։ Օրենքով պատժվելու մասին տե՛ս և Ը ճառը, այլև հետևյալը. «Առանձինն բնութեամբ՝ չարն չար ոչ է, և ոչ բարին՝ բարի, այլ ի միտս ունի բարի և չար լինել. զի սիրովն Աստուծոյ սիրել զբարին և ատել զչարն՝ բարի է, և ատել զբարին և սիրել զչարն՝ չար է. նախանձել ընդ բարիսն և լինել բարի՝ բարի է, և ընդ չարսն՝ չար է, և նախանձն նոյն է։ Բարւոյն ցանկալ բարի է, և չարին՝ չար, և ցանկութիւն նոյն է։ …Զի ամենատեառն բարերարի զբարին սերմանեալ ի մարդիկ և յիշխանական կամսն թողեալ՝ որք կամիցին վարել ի բարի կամ ի չար» (Ե. 52)։ «Զի ամենայն արարածք ի բարերարէն բարի ստեղծան և ի կամակար մտացն եղեն չարք» (Ի. 228)։