Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/157

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որչափ ի վեր են՝ դոյնչափ ի խոնարհ են, և դոյնչափ յամենայն կողմանց շուրջ զերկրաւ, և զերկիրս շուրջ ջուր պատէ, և զջուրն և զերկիր՝ օդ, և զօդն և զջուր և զերկիր՝ հուր» (էջ 140)։ Նա չի ընդունում և այն տեսությունը, թե «երկիրն ի միջոցի կայ… օդս՝ որ է ի մէջ գնդին երկնից՝ փակեալ կայ, և ունի զաշխարհս ի հասարակածի, ոչ ի վեր տայ վերանալ և ոչ ի խոնարհ հակել» (էջ 132 և հտն.): Մերժում է նաև այն տեսությունը, թե «լուսնի չիք իւր լոյս առանձինն, այլ յարեգակնէ գայ ի նա լոյսն», նույնպես և այն, որ ասում են, թե լուսինը «ի ներքոյ է քան զարեգակն և քան զամենայն աստեղս. և քանզի ի ներքոյ է, յորժամ կշիռ դէպ արեգական պատահիցէ՝ յայնժամ խաւարի արեգակն» (էջ 140). կամ այն, որ ասում են, թե «ոչ ուրեք մտանէ արեգակն. և զի ոչ մտանէ՝ անտի յայտ է, զի զայդ ի նորա լուսոյն ի լուսնի ամանն լոյս ծագէ», և նմանները (էջ 149—151):

Այսպես ուրեմն, ինչքան էլ Եզնիկին ծանոթ են իր ժամանակի այս տեսությունները, բայց նա մերժում է դրանք։ Շատ պարզ երևում է, որ նա աստվածաբանա-մեկնաբանական դպրոցի ուսում է ստացել, ուստի և նրա դատողությունները տիեզերքի մասին ելնում են իր դպրոցից։

13. Հոգի և մարմին։— Կանգ առնենք միջնադարյան գրականության համար կարևոր այս խնդիրների մասին։ Կան երեք արարածներ, որոնք մտավոր և բանավոր են, ստեղծված են, «սկզբնաւոր» են, բայց անմահ են. Աստված նրանց «պարգևեաց աննախանձ զանմահութիւն»։ Նրանք են հրեշտակները, դևերը և մարդկանց հոգիները։ Հրեշտակներն ու դևերն անմարմին են (էջ 68)։ «Նա [= սատանան] անմարմին է, որպէս շունչ մարդոյն անմարմին» (էջ 124)։ Նրանք, հրեշտակներն ու դևերը, «ոչ յաւելուած ծննդեամբ առնուն, և ոչ պակասութիւն մահուամբ. այլ որպէս հաստատեցանն, նոյնպէս և նովին թուով կան, առանց յաւելուածոյ և նուազութեան»։

Իսկ «մարդիկ, քանզի յերկուց բնութեանց են՝ ի մարմնաւորաց և յանմարմնոց, յիրաւի սերին ծննդեամբ, և գան յաճումն ամուսնութեամբ. և մեռանին մարմնովք, և ոչ ոգւովք, վասն պատուիրանազանցութեանն» (էջ 71)։ Մարմնավորը մարդուս մարմինն է, անմարմինը՝ հոգին, որ և «շունչ» է անվանվում. «շունչ մարդոյն անմարմին» (էջ 124)[1]։ Ի՞նչ է այս երկուսի, հոգու և մարմնի, տարբերությունը: «Որ ինչ երևի՝ մարմնաւոր է, և որ ինչ ոչ երևի՝ անմարմին» (էջ 67)։ Այս սահմանումը նա քիչ հետս ավելի պարզում է և մարմնավորը, որ միևնույն է՝ նյութականը, շատ ճիշտ որոշում է գրելով. «Եւ միանգամայն իսկ ասացեալ, թէ որ ինչ ի զգայնոցս շօշափի կամ զննի կամ ազդի՝ այն մարմնաւոր է, և որ զգայնոց ոչ ազդի՝ անմարմին։ Նուրբ է տարր լուսոյ, այլ զի ակամբ զննի՝

  1. Հ ո գ ի, ո գ ի բառն էլ սկզբնապես, ինչպես և հետո, շունչ է նշանակում. այս գիտե և Եզնիկը (էջ 64)։ Դա ծագում է մարդկային հոգու նախնական հասկացությունից: Տե՛ս M. Abegian, Der armenische Volkeglaube, Leipzig, 1889, էջ 8 և հտն., 14: