մարմնաւոր է. նուրբ է տարր օդոյ, այլ զի ցրտութեամբն ազդի մարմնոյ՝ մարմնաւոր է. նուրբ է տարր հրոյ, այլ զի ջերմութեամբն ազդի մարմնոյ՝ մարմնաւոր է. նոյնպէս և ջրոյ, որ քան զծանունսն նրբագոյն է, և քան զթեթևսն ծանրագոյն» (էջ 68)։ Ուրիշ տեղ այսպես է տարբերում. «որ մարմնաւոր է՝ ի չորից հիւթից յօդեալ է, որպէս մարմինք մարդկան և բնաւ անասնոց, և որ ինչ անմարմին է՝ նա պարզ բնութիւն է, որպէս հրեշտակաց և դիւաց և ոգւոց մարդկան» (էջ 64)։
Ինչպես բոլոր արարածները, նույնպես և մարդու հոգին ստեղծված է ոչնչից։ Նա «որ յոչընչէն կարող եղև զշունչ մարդոյն առնել, և պահէ միշտ կենդանի և անմահ, նոյն և զմարմինն՝ զոր յերկրէ ստեղծ՝ կարող էր պահել կենդանի» (էջ 51)։ «Եւ որ զհրեշտակս և զհոգիս մարդկան յոչնչէ արարեալ՝ կենդանիս և անմահս պահէ, նոյն և զմարմինս կարող էր կենդանի պահել՝ թէ չէր առաջնոյ մարդոյն զԱստուծոյ հրամանն զընկեցեալ» (էջ 53)։ Կնշանակի՝ Եզնիկն Ադամի հանցագործության հետևանքն է համարում մարդուս մահվան ճակատագիրը։
Նա դեմ է ելնում այն փիլիսոփաներին, «որք զշունչն [= հոգին] անարար, անմահ և աստուածեղէն յԱստուծոյ բնութենէ անտի ասեն» (էջ 146), որոնք աստուծու «զմիտսն և զշունչ» տեսնում են բոլոր արարածների մեջ, և՛ շնչավորների, և՛ անշունչների։ Նա ասում է, թե ամպարշտություն է «զԱստուծոյ զիւրոյ էութեանն կենդանութիւն՝ հոգևորաց և շնչաւորաց և անշնչից առ հասարակ համարել» և տարբերություն չդնել հրեշտակների ու դևերի և մարդկանց, որոնք բանավոր և մտավոր են, և ուրիշ շնչավորների միջև, որոնց «բնական կենդանութիւն ի չորից հիւթոց խառնեալ և յօդեալ, որք յորժամ քակտիցին, և կենդանութիւն ի նոյն չորեսին հիւթսն լուծանի» (էջ 146)։ Բոլոր արարածների մեջ աստուծու շունչը դնելով, միաժամանակ և «տանջանս և պատիժս շնչոց յանցուցելոց» դնելով, նրանք Աստուծու էությունը մասերի են բաժանում և շատ շնչերի են կոտորում, «և դարձեալ զիւրոյ զկէս բնութիւնն միւս կէսն տանջիցէ, և կէսն ի փառս և կէսն յանարգանս, և մի թերին յանոյշս և միւս թերին ի դժոխս» (էջ 146 և հտն.)։ Դա հետին հայհոյություն է,— ասում է նա։ Աստված էլ հոգի է, բայց կա զանազանություն. «Կոչի Աստուած հոգի, այլ կայ ընտրութիւն ի միջի. ասէ՝ Աստուած հոգի կենդանի է, որ է կենարար» (էջ 65)։ Մինչդեռ մարդու հոգին «կենարար» չէ, այլ միայն կենդանություն է։
Եզնիկն ընդունում է, որ ամեն բանի մեջ կենդանություն կա. «սերմանք և տունկք արկեալք յերկիր՝ բուսանին. և յէգս մարդկան և յանասնոց անկեալ սերմանք՝ գան ի ծնունդս և յաճումն»։ «Այլ խնդիր այն է, թէ այն կենդանութիւն ոչ Աստուծոյ էութեանն կենդանութիւն է, այլ արարած կենդանութիւն այլազգ ի բանաւորսն և ի մտաւորս, և այլազգ յանասունսն և յամենայն շնչաւորսն, և այլազգ ի բնականոն, որպէս ի սերմանս և որ յէգս մարդկան և անասնոց անկանին»։ Դրանցից՝ մարդկանց կենդանությունն «առաւել և պատուականագոյն է. յորում և