Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/159

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բնական կենդանութիւն է ըստ մարմնոյն, և բանաւորն սքանչելի ըստ շնչոյն[1]: Զի մարմինն և նոցա ի չորից հիւթոցն կայ. և ոգին ոչ ի չորիցն հիւթոց յօդելոց, այլ ի պարզական և ի սուղական բնութենէ. եւ այլոց անասնոց ոչ նոյնպիսի. այլ ի բնական և յազդեցական բնութենէ [= բնազդից]. և սերմանց ոչ նոյնպիսի, այլ ի բնական և յանշնչական խաղացից։ Նոյնպէս և ոչ ի լուսաւորսն շնչաւորութիւն ինչ բանաւոր է, այլ բնական և խաղացական շարժմունք» (էջ 147)։

Այսպես՝ Եզնիկը խիստ հետևողական է իր տեսության մեջ. անարար միայն աստուածային մեկ էությունն է, որ արարիչ է, կենդանարար, մնացածը, այլև մարդուս հոգին, արարած է։ Բայց այդ պետք էր հաստատել և Ս. Գրքով։ Թեպետև այդ հայտնի է, «այլ և զմիոյ միոյ իսկ ի նոցանէ զարարած մարթի ի Գրոց ցուցանել», ասում է նա, և շարունակում է. «Նախ զհրեշտակացն, որպէս ասէ Դաւիթ, թէ արար զհրեշտակս իլր հոգիս»։ Ուրեմն հրեշտակները ստեղծված հոգիներ են։ Իսկ մարդո՞ւ հոգին։ Այս նկատմամբ այնքան պարզ չէ մեկնաբանի գործը, քանի որ Ս. Գրքի մեջ կան անորոշ, երբեմն և հակասական արտահայտություններ: Մեկնաբանի գործը, սակայն, հենց այն է, որ այդ անորոշությունները պարզի և հակասությունները վերացնի։ Դրա համար նա հետևում է մի սկզբունքի, թե Ս. Գրքի մեջ հակասական բան չկա, բոլորը մեկ Հոգուց, այսինքն աստծուց են թելադրված, միայն պետք է հասկանալ. որովհետև «զոր միոյ մարգարէի թողեալ իցէ՝ միւսովն լնու Հոգին» (էջ 136)։ Դարձեալ՝ «ոչ եթէ հակառակ ինչ միմեանց են Գիրք, այլ զոր միոյն թողեալ է միւսն առլնու նովին Հոգւով։ Որպէս տեսանեմք իսկ՝ զի որ ինչ Մովսէսի չէ ասացեալ, այլ մարգարէք լցին նովին Հոգւով։ Մովսէս ասէ. եստեղծ Աստուած զմարդն հող յերկրէ, և փչեաց ի նա շունչ կենդանի։ Եւ փչելն դեռ ևս ի միջի կայ կարծելոյ՝ թէ իցէ՛ արարած շունչն թէ չիցէ։ Արդ գայ Զաքարիա մարգարէ նովին Հոգւով վարեալ և ցուցանէ զարարած շնչոյն։ Ասէ. որ հաստատէ զհոգի մարդոյն ի նմա. և Եսայիաս ասէ, թէ զամենայն շունչ [= հոգի] ես արարի» (էջ 134): Այսպես ուրեմն, մարդուս հոգին արարած է, և ըստ Ս. Գրքի դա «սկզբնավոր» է։

Ե՞րբ է լինում մարդկանց հոգիների սկիզբը։ Այս էլ պարզում է Եզնիկը՝ գրելով այսպես. «Թէպէտ և կանխաւ գիտէ Աստուած՝ թէ ոմն կռապարիշտ լինելոց է, ոմն կախարդ, և ոմն սպանող, ոչ արգելու զնկարիլ սաղմիցն նոցա, և զփչումն հոգւոցն նոցա, զի նորա բարերարութիւնն երևեսցի, և նոքա յիւրաքանչիւր անձնիշխանութեանն պարտաւորեսցին» (էջ 62)։ Կնշանակի՝ յուրաքանչյուր մարդու «փչումն հոգւոյ» լինում է արգանդում «սաղմի նկարվելիս»[2]։

  1. «Յաճախապատում»՝ «Հոգի, միտք և բան մի՛ ասի և ոչ երբէք հոգիք. այլ հոգի ասի կենդանութիւնս, և միտք ասի իմաստութիւնս և բան ասի խօսողութիւնս՝ միոյ հոգւոյն» (Ա. 3)։
  2. «Յաճախապատում»՝ «Ի սաղմնառութենէ անտի յառաջագայի և լինի մանուկ յօրինուածով ըստ կերպարանին մարդ, և աճումն առնու տղայն ի ծնունդ և ի սնունդ տղայութեան՝ աճմանն մ ա ր մ ն ո յ և մ տ ա ց յ ո ր ո վ ա յ ն ի ն, և յետ ծննդեան նախախնամութեամբն աստուծոյ, որպէս ինքն գիտէ կապողն հոգւոյ և մարմնոյ ի միասին, և գալ ի կատարելութիւն մարմնոյ և մտաց» (ԺԵ. 183)։