է նմա յԱստուծոյ. քանզի այլն ամենայն ի հարկէ ծառայէ աստուածական հրամանին» (էջ 29): Աստուած չի ուզում «ընդ հարկաւ վարել զբանաւորսն» (էջ 113)։ Եթե այդպես չլիներ, մարդս կդառնար ինչպես մի գործիք, «զոր թէպէտ ի չար վարէր և թէպէտ ի բարի, ոչ պարսաւանք ինչ էին նմա և ոչ գովութիւնք… նա և ոչ զլաւ ինչ գիտէր այնուհետև մարդն… Այլ Աստուած այնպէս պատուել զմարդն կամեցաւ, զի առ լաւութեանցն խելամուտ լինելոյ՝ զանձնիշխանութիւնն պարգևեաց նմա, որով կարող իցէ առնել զինչ և կամեսցի, և զանձիշխանութիւնն նորա ի լաւն խրատէ դարձուցանել» (էջ 30)։
Եզնիկը (ինչպես և Յաճախապատումը) հաճախ դառնում է անձնիշխանության խնդրին: Նրա կարծիքով անձնիշխանությունը բնածին է մարդուս մեջ. մի անգամ որ այդ շնորհքը պարգևված է առաջին մարդուն, նրանից ժառանգաբար անցնում է նրա սերունդներին. «Ունել անձնիշխանութիւն և ազատութիւն առաջնոյ մարդոյն… և ի նմանէն զնոյն իւրոց պայազատացն ժառանգել» (էջ 29)։ Ի՞նչ է հասկանում նա անձնիշխանություն ասելով։ Նա կողմնակից չէ կատարյալ ազատության, կամքի բացարձակ անկախության որևէ պայմանից։ Յուրաքանչյուր մարդու, անհատի առաջ դրված են բարոյական օրենքներ, և մարդը կախում ունի դրանցից։ Դրանք աստվածային հրամաններն են, որ պիտի ճանաչի մարդը և իր արարքները դրանց համեմատ կատարի։ Աստված կանխագետ է, բայց չի կանխորոշած մարդու վիճակը։ Նա միայն «յօժարեցուցանէ զմարդն անսալ հրամանաց նորա. բայց զկամակար իշխանութիւնն ոչ հանէ ի նմանէ, որով կարողն է անսալ և չանսալ հրամանացն. այլ խրատէ և յօժարեցուցանէ զմարդն, զի լաւութեանցն ցանկացող լիցի». «զանձնիշխանութիւն նորա ի լաւն խրատէ դարձուցանել» (էջ 30)։ Ինչպես հայրը որդուն խրատում է մի բան անելու կամ չանելու, բայց որդին իր ազատ ընտրությամբ է գործում։
Արդյոք երջանի՞կ է մարդս իր այս վիճակով։ Մարդու այս անձնիշխանությունից, ահա՛, ծագում է չարը, չարիքը, «Անձնիշխան եղև մարդն՝ առնել զբարի և ժտել ի չար. իբր ոչ եթէ չար ինչ առաջի կայր՝ յոր ժտիցի, այլ ա՛յն և եթ առաջի կայր՝ կա՛մ անսալ Աստուծոյ, կա՛մ չանսալ, և զնոյն և եթ պատճառ չարին իմանալ։ Քանզի լեալ մարդն առաջին՝ առնոյր պատուէր յԱստուծոյ, և չհնազանդեալ աստուածական հրամանին՝ մտաբերէր ի չարիս, և անտի լինէր սկիզբն չարեաց» (էջ 31)։ «Անսաստութիւնն և եթ՝ որ արտաքոյ Աստուծոյ կամացն գործիցի՝ պատճառ չարեաց իմանալի է» (էջ 32)։ Ուրեմն, ինչպես վերևում տեսանք, գործողությունը չար է, երբ այդ կատարվում է օրենքի, որ միևնույն է, աստուծո պատվիրանների հակառակ։ Եւ մարդս շատ անգամ այդպես է վարվում։
Բայց այդ առաջ է գալիս «յուրուք վարդապետութենէ դրդեալ». և պետք է «նմին զայլ ոք վարդապետ ծածուկ հաշուել, դրդիչ և ոչ բռնադատիչ, որ զմարդն ի լաւութեանցն մերկանալ կամեցաւ» (էջ 32)։ Այդ դրդիչը սատանան է։ Սատանան ինքն էլ ի բնե չար չի ստեղծվել, ինչպես