կարծում են «թէ Աստուած իսկ զնա չար արար» (էջ 104)։ Նա «յԱստուծոյ բարւոք եղև, և անձամբ յանձնէ դարձոյց զկամս ի չար» (էջ 37)։ Նա «ոչ է բնութեամբ չար, այլ կամօք» (էջ 128)։ Նա էլ անձնիշխան է և իր կամքով «ի չարութիւնն կործանեցաւ» (էջ 126), «իւրն կամօք եղև բանսարկու. թողեալ զԱստուծոյ հպատակութիւն՝ սկսաւ անսաստել, և հակառակ կալ Աստուծոյ հրամանացն ուսուցանել մարդկան, և իբրև զապստամբ յետս կացեալ թիւրեցաւ յԱստուծոյ» (էջ 38)։
Սատանան նախանձում է մարդուն և դրդում է նրան չանսալ աստուծուն, և երբ նա չի անսում՝ դրանից առաջանում է չարիքը. «Սկիզբն չարեաց զնախանձն ասեմք, և զնախանձն յառաւել զմարդն պատուելոյ, և զչարիսն յանհնազանդութենէն։ Զի Աստուած այնպէս առաւել զմարդն պատուեաց, և նորա անսաստեալ՝ զընկէց զպատուիրանն։ Ուստի զամենայն ինչ որ լինի չար՝ ոչ բնութեամբ չար գիտեմք, այլ զի առանց կամացն Աստուծոյ գործին իրք ինչ՝ լինին չար» (էջ 35 և հտն.)։ «Չար է հակառակ կալ Աստուծոյ հրամանին» (էջ 36)։ Որ սատանան դրդում է մարդուն չանսալ աստուծուն՝ դրա պատճառը նրա նախանձն է. իսկ որ սատանան նախանձում է մարդուն, դրա պատճառն այն է, որ աստված մարդուն ավելի է պատվել. «Ապա եթէ զպատճառն ևս կամիցին խնդրել, զնախանձն՝ որ առ մարդն եղև՝ իմասցին զպատճառն։ Եւ եթէ զնախանձուէն ևս ճշդիւք քննիցեն՝ թէ ուստի՛ եղև, ասասցուք՝ եթէ յառաւելութենէ զմարդն պատուելոյ. քանզի միայն մարդ ըստ պատկերի և ըստ նմանութեան Աստուծոյ եղև» (էջ 32)։
Այսպիսով, ամեն չարիքի սկզբնապատճառը մարդուս առավելությունն է բոլոր արարածների մեջ և ամեն չար բանի դրդիչը, բայց ոչ բռնադատիչը (որովհետև մարդս անձնիշխան է), սատանան և իր դևերն են։ Սատանան սուտ է, չար, թշնամի, փորձիչ, բանսարկու, չարիքի արբանյակ, մարդասպան։ «Ի կռապաշտութիւնս ձգէ, և դիւթութեամբք և հմայիւք և քաւդէութեամբ վրիպեցուցանէ զմարդիկ» (էջ 128)։ «Դևք… զմարդիկ ի կռապաշտութիւն յօժարեցուցանէին և… ի պէսպէս աղանդս փիլիսոփայից և հերձուածողաց… ի բաշխս բախտից և… ճակատագրաց և… կապելոց հրամանաց… ընդ աստեղս պշուցանել՝ թէ նոքա ինչ իցեն պատճառք բախտաւորութեան և չուառութեան… ամենայն աստուածք հեթանոսաց դևք են» (էջ 104 և հտն.)։
Որ այդպես է,— հարցնում են,— ինչո՞ւ աստված չի ոչնչացրել ապստամբ սատանային և նույնիսկ ստեղծել է նրան։— Այդ այդպես եղել է, սատանան ստեղծվել է դարձյալ միայն մարդու համար. «վասն անձնիշխանութեան մարդոյն երևելոյ արար զնա» (էջ 39), որպեսզի մարդը «պատերազմեալ յաղթիցէ սատանայի» (էջ 40)։ Աստուած թողել է «զսատանայ իբրև ի հրահանգս կռուանոցաց յաշխարհի» և «իւրովք պատուիրանօք վառէ գեղեցիկ զմարդիկ՝ առ ի պսակելոյ զյաղթողն» (էջ 41)։ «Քանզի ոչ եթէ վայրապար ինչ կամէր Աստուած զայնպիսի պարգևս տալ, որ յաւիտենական անեղծութիւնն է. զի վայրապար իսկ էր այնպիսոյն տալ՝ որ