դա լոկ մի քաղաքավարական խոսք չէ, կամ լոկ մի արտահայտություն այն ժամանակի կրոնական ոգու, ըստ որի ամեն բան կատարվում էր աստվածային շնորհքով։ Կա և մի ուրիշ կողմ։ Պետք է իմանալ, որ Կորյունն իր ընկերների հետ սովորել և աշխատել է Կ. Պոլսում այն ժամանակ, երբ հուզվում էին աստվածաբանական մեծ վեճերը և տեղի էր ունենում Եփեսոսի ժողովը նեստորականության դեմ։ Նա իր ընկերների հետ՝ Հայաստան բերել է այդ և Նիկիո ժողովների կանոնները. նա ինքը պատմում է, որ Սահակն ու Մաշտոցն էլ մաքառել են Հայաստան թափանցած աղանդների դեմ, ինչպես բարբարիանոս կոչված աղանդի, այլև նեստորի ուսուցիչ Թեոդորոս Մոպսուեստացու ուսման դեմ: Այսպիսի դրության ժամանակ նա՝ իբրև մի բարեպաշտ մարդ աստվածային շնորհքին պիտի դիմեր՝ «վարդապետական ծովի համատարած ալիքների վրայով ուղիղ նավելու» համար, այսինքն դավանաբանական սայթաքում չանելու։
Առաջին կարճ ու անհրաժեշտ առաջաբանից հետո՝ Մաշտոցի վարքագիրը գրում է մի երկրորդ ձիգ ու երկայն նախաբան էլ (հատվ. Բ.)՝ պատասխանելու համար այս հարցին, թե արդյոք թույլատրելի՞ է «կատարեալ» մարդկանց վարքը գրել, թե՝ ոչ,— «Իցէ՞ համարձակութիւն գրով նշանակել զվարս արանց կատարելոց»։ Աստվածաշնչից չափազանց շատ ցիտատներ բերելով՝ նա ցույց է տալիս, որ այդ ոչ միայն թույլատրելի է, այլև հարկավոր է՝ ուրիշներին իբրև օրինակ ծառայելու համար: Եվ վերջը եզրակացնում է, թե ինքն ևս կարող է համարձակվել գրի առնելու «արդար մարդու», այսինքն Մաշտոցի վարքը։ Երկրորդ անգամ մեր այս հեղինակն Աստվածաշնչից շատ ցիտատներ է բերում այն ժամանակ, երբ պատմում է, թե սկսում են «թարգմանել, գրել և ուսուցանել»։ Նա իր բերած օրինակներով ցույց է տալիս, որ մեր երանելի հայրերն այդ անելու համարձակություն, թույլտվություն են առել ոչ միայն մարգարեներից, այլև նույնիսկ Հիսուսից (հատվ. ԺԱ.)։ Եվ վերջապես՝ երրորդ անգամ նա վկայությոմւներ է բերում Սուրբ Գրքից, երբ վերջում նորից խոսում է Մաշտոցի կրոնավորական, միայնակեցական կյանքի և քարոզչության մասին։ Նա այդ անում է իր ուսուցչին մեծացնելու համար և ցույց տալու, որ նա մեծ հետևող է եղել ոչ միայն առաքյալներին և ուրիշներին, այլև նույնիսկ Հիսուսին (հատվ. ԻԲ.)։ Ինչի՞ համար էր այդ ամենը:
Քննադատել, թե հիշված երկրորդ առաջաբանը շատ երկայն է և թե դա իբր ավելորդ է, կամ եղել է «զարմանալի երկյուղածությամբ», և թե զուր են Աստվածաշնչից բերված բազմաթիվ ցիտատները, այդ նշանակում է չհասկանալ Կորյունին և նրա ժամանակը։ Նա, ինչպես և Մաշտոցի մյուս աշակերտները, որոնք մտածում էին իրենց ուսուցչի վարքը գրելու մասին, շատ լավ գիտեին, որ թույլատրված է այդ անել։ Նրանք, որ վաղուց թարգմանություններով էին զբաղված, շատ լավ և այն գիտեին, որ թույլատրված է Ս. Գիրքը թարգմանել և գրել հայերեն։ Նրանք ծանոթ էին