Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/170

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և Մաշտոցի կրոնավորական կյանքին, գիտեին այն ցիտատները, որ Կորյունը բերել է։ Այդ ամենը նրանց համար չէր, ոչ էլ մեզ համար է, մեր ժամանակի մարդկանց։ Այլ այդ ուղղված է Մաշտոցի և նրա աշակերտների հակառակորդներին։

Մաշտոցն իր ճգնավորական և «առաքելականն մեծ հեղինակությամբ կարող էր հակառակորդներին զսպել և զսպել է. «Իւրով իսկ աւետարանական և ողջապատում գնացիւքն՝ առաջի թագաւորաց և իշխանաց և ամենայն հեթանոսաց և անընդդիմակաց ի հակառակորդաց՝ զամենափրկչին Յիսուսի անուն կրեաց յանձին» (հատվ. ԻԱ): Բայց այդ հակառակորդներն արդեն գլուխ էին բարձրացրել, և նրանց կռիվն ընդդեմ Սահակի և Մաշտոցի ջանքերով առաջ եկած նոր սերնդի՝ շատ զգալի էր եղել 440-ական թվականներին,— և այդպես նույնիսկ մինչև 5-րդ դարի վերջերում։

Այս տեսակետով մոտենալով խնդրին՝ Կորյունի երկրորդ աոաջաբանը և նրա մեջբերած բազմաթիվ ցիտատները մեզ համար էլ կարևորություն են ստանում այն ժամանակի ոգին ու դրությունը պատկերացնելու համար։ Ժամանակն էր այդ պահանջել։ Այդ բոլորովին նոր գործը, Մաշտոցի կենսագրությունը, ըստ ինքյան էլ կարող էր բամբասանքի դուռ բանալ ոչ միայն հակառակորդների, այլև ընդհանրապես տգետների համար, քանի որ ամեն նորություն անընդունելի է անհասկացողների համար, ո՞ւր մնաց Մաշտոցի կենսագրությունը հայերի մեջ 440-ական թվականներին։ Այդ ժամանակներում չկար այլևս Հայոց թագավորությունը։ Պարսկական իշխանության հովանավորությամբ չափազանց զորացած էր ասորի հոգևորականության ազդեցությունը Հայաստանում։ 430-ական թվականներին աթոռից զրկված էր Սահակ կաթողիկոսը և նույնիսկ ասորի կաթողիկոսներ էին իշխում։ Սահակի ու Մաշտոցի և նրանց աշակերտների թարգմանչական գործունեությանն ուղղված էր հենց այդ ասորական ազդեցության, ասորերեն լեզվի դեմ։ Այս պարագաներում հասկանալի է, թե ինչո՛ւ Կորյունն այնքան երկայն և Ս. Գրքից ցիտատներով լի առաջաբան է գրում՝ ցույց տալու համար, որ թույլատրելի է գրել Մաշտոցի վարքը, և կամ ավելի ուշադրություն է դարձնում Մաշտոցի միայնակեցությանն և առաքելական գործունեությանը, որ ճանաչված էր նաև ասորոց եպիսկոպոսներից, ինչպես նաև բիզանդացոց կողմից, որ և ուրանալ չէին կարող հակառակորդները: Այսպես ուրեմն, որ նա Մաշտոցին իբրև կրոնավորի բարձրացնում է, այդ միայն իրականությունից և աշակերտական ակնածությունից չի բխում։ Նա դրանով ջանացել է լռեցնել հակառակորդներին։

Այս վերջիններին չզայրացնելու համար՝ նա չի շոշափում ժամանակի քաղաքական, եկեղեցական գործերը. նա մի խոսք անգամ չի ասում այն մասին, որ հայոց եկեղեցում լեզուն եղել է ասորերեն, և դպրոցներում սովորում էին ասորերեն, և որ շնորհիվ Սահակի ու Մաշտոցի՝ այդ ասորերենին փոխարինում է հայերենը։ Առհասարակ զգուշությամբ «ասորի» անունն էլ նա չի գործածում, բացի երկու դեպքից։ Մեկն այն է, թե