Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/177

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քարոզչությանը, որ իսկապես «նորոգել է» Մաշտոցը։ Բայց որ 5-րդ դարու ամբողջ եկեղեցական-գրական շարժումը մեծ մասամբ հունասերների գործունեության արդյունք էր և որ Մաշտոցն ու Սահակն իրենց աշակերտներով հունասերների պարագլուխներն էին, այդ հայտնի է: Պարզ է և այն, որ «Ագաթանգեղայ Պատմութիւնը» հունասերների գործն է, Մաշտոցի կամ Սահակի աշակերտներից մեկի, թերևս հենց Մաշտոցի և ավելի ևս Սահակի կարգադրությամբ առաջ եկած։

3. Ագաթանգեղոսի աղբյուրները։— Այժմ արդեն բավական պարզված են մեր այս պատմական երկի աղբյուրները։ Ինչքան էլ Առաջաբանի մեջ այնպես է ձևացրած, թե Ագաթանգեղոսը սկզբնական հեղինակն է, բայց և այնպես այնտեղ կա հետևյալը. «Ընթերցեալ զԹորգոմայ ազգիս, զՀայաստան աշխարհիս զաստուածապարգև աւետեացն աւետարանին քարոզելոյ բանին կենաց, թէ ո՛րպէս, կամ զիա՛րդ ընկալան, և ո՛րպիսի արամբ, կամ ո՛ ոք ուստեք»… (հատ. 15. էջ 12 և հտն.)։ Կնշանակի՝ եղել է մի գրվածք Հայաստանում ավետարանը քարոզելու մասին, որ և ծառայել է իբրև աղբյուր անհայտ հեղինակի համար։ Անմիջապես բերված է այդ գրվածքի բովանդակությունը, որից երևում է, որ դրա մեջ պատմված է եղել ավետարանը քարոզողի մասին, թե նա ո՛վ և ո՛րտեղից է, նրա վարքը, քարոզչությունը, Քրիստոսի խոստավանող կամ վկա լինելը, նրա աղոթքներով բժշկությունը, մեհյանների կործանումը, եկեղեցիներ շինելը և քրիստոնեության դարձը։ Դա արդեն Ս. Գրիգորի վարքն է։ Որոշ թվով ձեռագիրների մեջ Պատմության սկզբում վերնագիրն այսպես է. «Ագաթանգեղեայ Պատմութիւն, վարք և պատմութիւն սրբոյն Գրիգորի» (էջ 15)։ Ղազար Փարպեցին էլ ասում է, թե Ագաթանգեղոսի Պատմությունը նահատակ Գրիգորիսի անունով «զգիրսն անուանեալ կոչեն Գրիգորիսի»։ Դա եղել է Ս. Գրիգորի մի վարք, հավանորեն 4-րդ դարու մի գործ, մի համառոտ պատմություն Ս. Գրիգորի, պատմական արժեք ունեցող մի երկ, որից օգտվել է հեղինակն իր գործը խմբագրելիս։

Այս գիրքը կոչվել է «Ագաթանգեղայ Պատմութիւն»։ Հունարեն «ագաթանգեղոս» բառը (կազմված է՝ ագաթոս և անգելոս բառերից) իբրև համանիշ նույն լեզվի «եւանգելոս» բառի (կազմված է՝ եւ և անգելոս բառերից) նշանակում է՝ լավ, ուրախ լուր տվող, ուրախ լուր բերող (ագաթոս, եւ = լավ. անգելոս = լրաբեր, լրատու), հայերեն՝ ավետող, ավետաբեր, ավետարանիչ, ավետիք տվող[1]։ Հետևաբար «Ագաթանգեղայ Պատմութիւն» նշանակում է՝ ավետաբերի, ավետարանչի, ավետարան քարոզողի Պատմություն։ Արդ՝ այդ «ագաթանգեղոսը»– ավետարանիչը, «աւետեացն աւետարանին» քարոզիչը եղել է Ս. Գրիգորը, ուրեմն «Ագաթանգեղայ Պատմութիւնն» է Ս. Գրիգորի պատմությունը: «Ագաթանգեղոս»

  1. Griechisch-deutsches Schul-Wörterbuch von G. E. Benseler, Leipzig, 1886, «Եւանգելոս» բառը բացատրված է՝ Gutes verkündend, frohe Kunde bringend = ուրախ լուր բերող, ավետող, գրաբար նաև ավետարանող, ավետարանիչ: