Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/176

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կարող լինել 4-րդ դարի գրվածքի մեջ։ Այս և մի քանի ուրիշ հիմունքներից եզրակացնում են, որ այդ Պատմության հեղինակը 5-րդ դարի գրող է։

Ագաթանգեղոսի մեջ կան բազմաթիվ բառացի հատվածներ Կորյունի «Վարք Մաշտոցի» գրքից։ Դրանից որոշ բանասերներ հետևցրել են, թե «Կորյուն և Ագաթանգեղոս միևնույն անձնավորությունն են»[1]։ Կան բանասերներ էլ, որոնք Ագաթանգեղոսի Պատմոթյունը համարել են թարգմանություն հունարենից և թարգմանիչը՝ Կորյունին[2]։ Այս տեսակետներն այլևս ընդունելի չեն։ Մի ժամանակ կարծում էին, թե Կորյունն է Ագաթանգեղոսի գրքից օգտվել, բայց այժմ հավաստի է, որ օգտվողը Կորյունը չէ, այլ Ագաթանգեղոսի խմբագրողը, Կորյունի գրվածքի մեջ այդպիսի հատվածներն իրենց բնական տեղումն են, իմաստալից կապակցությամբ, իսկական պատմությանը հարմար, մինչդեռ Ագաթանգեղոսի մեջ դրանք դրված են հաճախ անհարմար տեղերում և ընդհանրապես անկապ են հաջորդ ու նախորդ մասերի նկատմամբ և հակասող ուրիշ տեղ ասածներին։ Բացի այդ՝ Կորյունի և Ագաթանգեղոսի գրության ոճերը հիմնովին տարբեր են։ Եթե կան էլ սակավաթիվ նույն բառերի կիրառություն, կամ երկու-երեք նույն բառերի կապակցություններ, դրանք մեծ մասամբ ընդհանուր տեղիներ են, առավելապես կրոնական լեզվի մեջ, կամ թե բանաքաղը Կորյունից առած հատվածների հետ՝ սակավաթիվ այդպիսի բառերից և արտահայտության ձևերից էլ օգտվել է Ագաթանգեղոսի մեջ։

Հեղինակի մասին մի ուրիշ տեսակետ էլ է մեջ բերված[3]։ Հավանորեն 7-րդ դարում Եզնիկ անունով մի քահանայի թարգմանած՝ հայ կաթողիկոսների և թագավորների ցուցակի մեջ ասված է. «կարգք գործոցն Գրիգորի նորոգեալ արամբ միով երանելեաւ Տարաւնացւոյ, որում անուն Մասրովպ ճանաչէր»։ Ակադ. Ն. Մառը «կարգք գործոց» հասկանալով իբրև «գործերի պատմություն», հայանում է, թե 5-րդ դարից առաջ եղել է Ս. Գրիգորի մասին ավանդությունում և թե «հայկական ավանդոթյամբ Մեսրոպին է վերագրվում հունական միսիոներ Ս. Գրիգորի մասին եղած լեգենդայի մշակումը («նորոգումը»)։ «Այսպիսով.․․ Ս. Գրիգոր Լուսավորչի գործերի առաջին ընդարձակած խմբագրությունը պատկանում է, ակնհայտ է, հելլենասեր մատենագիրներին, հատկապես, ըստ ավանդության, Մեսրոպի և նրա աշխատակիցների շրջանին Սահակի գլխավորությամբ»։— Վերևում բերված ցիտատի «կարգք գործոց» բառերը, սակայն, կարող են վերաբերել ոչ թե Գրիգորի գործերի «լեգենդային», «լեգենդար պատմությանը», այլ ավելի շուտ նրա կատարած գործերին, քրիստոնեական

  1. Նորայր Բյուզանդացի, Կորիւն վարդապետ և նորին թարգմանութիւնք, Տփպիս, 1900, էջ Ե և հտն.։ Այստեղ հիշված են՝ Միքայէլ Չամչեան, Պատմութիւն Հայոց, 1784, Ա, էջ 10, Յովս. Գաթրճեան, Տիեզերական Պատմութիւն, 1849, Ա, էջ 94։
  2. Անդ, էջ 17։
  3. Н. Марр, Крещение армян, грузин, абхазов и аланов св. Григорием, арабская версия, С. Петерб., 1905, էջ 174-182: