Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/190

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գրեթե միշտ երևում է կարկատանի տեղը[1], ուստի և շատ հեշտությամբ աշխարհիկ ավանդական վեպից անջատվում են դրանք: Եկեղեցական զրույցներ են՝ Գ. 2-6, 10, 12-17, 19 գլուխները. Դ. 4, 6-10, 44, 56-57 գլուխները. Ե. 21-31. Զ. 2-16 գլուխները:

Պետք է նկատի ունենալ նաև, որ Բուզանդը վեպից օգտվելիս էլ երբեմն ձգտում է իր գրած պատմությանը տալ քրիստոնեական բնավորություն ու գույն, հորինել Աստվածաշնչի ոճով. դարձվածներով ու պատկերներով, նույնիսկ փոքրիկ հատվածներից օգտվելով և, որ գլխավորն է, կրոնական գաղափարախոսությամբ: Բայց այդ ևս շատ զգալի է, և հնարավոր է այդ ևս անջատել, առանց վեպի ամբողջական բովադակությանն առանձնապես վնասելու: Մի Բուզանդի կամ մի ուրիշ միջնադարյան պատմագրի համար, որ վկայաբանական գրականության համար սեր և հակում ունի, «նահատակությունը» մարտիրոսություն էր, կատարվում էր աստուծու, եկեղեցու և նրա քարոզած գաղփարների համար. մինչդեռ ըստ աշխարհիկ վեպի, «նահատակությունը» քաջագործություն, կտրճություն է պատերազմի մեջ երկրի և նրա թագավորի համար:

4. Իբրև պատմության աղբյուր:- Մի անգամ որ Փավստոսի «Հայոց Պատմությունը» ծագում է գլխավորապես ավանդական զրույցներից ու վեպից, դա ստանում է և՛ պատմական, և՛ գրական արժեք: Նա մեր միակ հնագույն մատենագիրն է, որի գրվածքի մեջ, որովհետև սա ծագում է ֆոլկլորից, ընդարձակ չափերով անդրադարձած է մեր ժողովրդի, առանձանպես ազնվականության ներքին կյանքի իրական պատկերը, նրա բարոյական, կրոնական ու քաղաքական հայացքն իրերի վրա, նրա բնավորության որոշ գծեր, հայերնասիրությունը, սոցիալական վիճակը, նույնիսկ սովորույթները, կենցաղը, հավատալիքները և այլն: Փավստոսի պատմած ամեն մի միջադեպ ներկայացնում է այդ կյանքի շատ կողմերը միաժամանակ: Այնտեղ տեսնում ենք աշխարհական ու եկեղեցական իշխանությունների, ազնվականների ու թագավորի հարաբերությունները, ընտանեկան հարաբերությունները մոտիկ ազգականների միջև, թագավորի անսահմանափակ իշխանությունն ամեն բան անելու, նույնիսկ իր անմեղ մերձավորներին կոտորել տալու առանց որևէ դատի, ամեն տեսակի քսություններ և նմաններ, որոնք մանրամասնորեն ուսումնասիրված են ներքևում, հաջորդ՝ «Պարսից պատերազմ» հատվածի մեջ: Մյուս կողմից՝ բերված են, ըստ ժամանակի հասկացության, իսկական բարեպաշտական

  1. Օրինակ՝ Դ. դպր. 5-րդ գլխի մեջ պատմում է, թե Արշակը Ներսեսին տասն մեծ նախարարների հետ ուղարկում է կայսեր մոտ, որը Ներսեսին աքսորում է, իսկ մյուսներին Արշակունի պատանդների հետ արձակում է Հայաստան: Ետևից դնում է ամբողջ հինգ գլուխ (6-10) Ներսեսի աքսորի և զանազան եկեղեցականների մասին, և ապա 11-րդ գլխում նորից դառնում է դեսպանութեան պատմությանը և կրկնության մեջ ընկնում: Շատ պարզ է, որ այս 11-րդ գլուխն անմիջական շարունակություն է 5-րդ գլխի, և որ կրկնություններն առաջացած են մեջտեղում հագցրած զրույցների պատճառով, որ եկեղեցականների է վերաբերում: