Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/189

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առասպել, թե իրական պատմական եղելություն, առանց որևէ քննադատության, տարբերություն չդնելով այդ երկուսի մեջ: Գրավոր աղբյուր, ինչ որ զրույցների ու վեպի բուն նյութին է վերաբերում, դժվար թե գործածած լինի նա. ուստի և ոչ մի թվական չի հիշում, այլ, ինչպես ավանդական վեպի մեջ, միայն դեպքերի հաջորդությունն է պահում, այն էլ ոչ լիովին ստույգ պատմական։ Նա անցքերը պատմում է, ինչպես ժողովրդական վեպի մեջ է, «ապա, յայնմ ժամանակի, յետ այնորիկ» և նման բառերով կապակցելով դրանք։ Չկա դեպքերի ներքին կապակցություն, իբրև պատճառ և հետևանք ժամանակաբանական հաջորդությամբ։ Կան բավական մեծ անաքրոնիզմներ, որոնցից պարզ երևում է, որ հեղինակը պատմած դեպքերից շատ ուշ ապրած մի անձ է եղել։ Պահված է թագավորների և կաթողիկոսների հաջորդությունը, և նրանց ժամանակի համար պատմված են առանձին եղելություններ, երբեմն իրարուց անկախ առանձին էպիզոդներ։

Գրվածքի բովանդակությունն ուշադրությամբ դիտելով՝ գալիս ենք հետևյալ եզրակացության. այս Պատմության մեջ կան երկու խումբ պատմվածքներ՝ եկեղեցական և աշխարհական, առաջինը քահանայապետների և ուրիշ եկեղեցականների մասին, իսկ երկրորդը՝ թագավորների ու զորավարների։ Թագավորները, իբրև երկրի պետեր, հարկավ, երևան են գալիս երբեմն նաև եկեղեցական զրույցների մեջ. իսկ կաթողիկոսներից Ներսեսը գործող անձ է և վեպի մեջ։

Աշխարհական պատմվածքները կազմում են մի ամբողջություն, մի մեծ ավանդական վեպ, որի մասին ներքևում առանձին կխոսվի մանրամասնորեն. իսկ եկեղեցական պատմվածքներն անկախ ավանդական զրույցներ և հիշողություններ են, որոնք հեղինակի ձեռով մասամբ հագցրած են վեպից առած նյութերի մեջ։ Այդտեղ, այդ եկեղեցական զրույցների մեջ է երևում գլխավորապես Փավստոս հեղինակը, որ պատմում է հրաշքներ, տեսիլներ, դնում է աղոթքներ, քարոզներ, խրատներ և օգտվում է Ս. Գրքից, պատմելով սրա խոսքերով կամ բառացի կտորներ բերելով։ Այդտեղ է, որ նա հանդես է գալիս իր զայրույթով ու հանդիմանությամբ, իր հարձակումներով թագավորների վրա և իր ընդհանրապես քրիստոնեական վարդապետական ոգով ու բարեպաշտական զգացմունքով։ Ասել չի ուզիլ, աշխարհական զրույցների մեջ ևս, թեպետ քիչ, կան հեղինակի գրչի արդյունքներ և հայացքներ, մեծ մասամբ կաթողիկոսների համար և նրանց բերանին գրած խոսքեր. ինչպես են՝ Վրթանեսի խոսքը (Գ. 11), Ներսեսի խոսքը և ուղղափառներին աքսորելը, Խադի մասին պատմածները (Դ. 5. 12), Չոնակի ընտրությունը (Դ. 15) և այլն, որոնք, սակայն, դարձյալ մասամբ եկեղեցական զրույցներ և հիշողություններ են։ Այդ եկեղեցական զրույցները նույնպես ծագում են ավանդությունից և պատմված են ժողովրդական ձևով։ Դրանց զետեղումը մեր երկրորդ վեպից առած նյութի մեջ այնպես պարզամիտ է արած, որ գրե