Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/192

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՎԵՊ
«ՊԱՐՍԻՑ ՊԱՏԵՐԱԶՄ»

1. «Պարսից պատերազմը»:— Հին հայ ժողովրդական վեպ անվան տակ սովորաբար հայտնի է Մ. Խորենացու Հայոց Պատմության մեջ եղած Վիպասանությունը հնագույն ժամանակի հերոսների մասին։ Այդ, ինչպես տեսանք, մասամբ առասպելներ են, մասամբ և առասպելախառն վեպ, որի մեջ պատմական հիշողությունները հասնում են մինչև մեր թ. 2-րդ դարը։ Հայ ժողովուրդն ունեցել է իր ավանդական վեպը և հետագա դարերի մասին ևս: Դա «Պարսից պատերազմն» է։ Այսպես կոչում ենք մեր երկրորդ հին վեպը, որովհետև դրա մեջ բանաստեղծորեն պատմված է եղել այն մեծ ու երկարատև պատերազմը, որ դարեր շարունակ մղել են հայերը պարսիկների դեմ իրենց անկախության համար։ Այդ վեպի հատվածները մնում են Ագաթանգեղոսի, Փ. Բուզանդի, Խորենացու և Սեբեոսի պատմությունների մեջ։ Ագաթանգեղոսի և Բուզանդի մեջ գտնում ենք մեր այդ վեպի ամբողջությունը, իհարկե ուրվագծով միայն և ոչ անպատճառ այն կարգով, որով պատմվել է ժողովրդի մեջ։ Խորենացին ու Սեբեոսը լրացուցիչ հատվածներ կամ պատմվածներ միայն ունին։

2. Պատմական դարաշրջանը և պատմականությունը։— Մեր այս վեպը ծագել և զարգացել է 3—5-րդ դարերի քաղաքական ու սոցիալական պայմաններում։ Դրա հիմնական մասը 3-րդ և 4-րդ դարերի պատմական իրականությունն է։ Պատմական են գործող անձերը մասամբ, որոշ եղելություններ և ընդհանրապես հասարակական կյանքի ձևը։ Այն դարերում տնտեսական-հասարակական կազմակերպությունը, արտադրական հարաբերությունները Հայաստանում առհասարակ նույնն էին մնում, ինչ որ նախորդ շրջանում։ Իշխում էր համեմատաբար ավելի զարգացած ավատականությունը, որի հիմքը, ինչպես ուրիշ տեղերում, կազմում էին բնական տնտեսությունն ու խոշոր հողատիրությունը։ Երկիրը բաժանված էր մեծ ու փոքր ազնվականների միջև, որոնք իրենց կալվածներում տեր ու տնօրեն էին, բայց և ենթարկվում էին իրենցից բարձր իշխաններին։ Թագավորող հարստությունն էր Արշակունին, նույն տոհմը, որ Պարսկաստանում