Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/194

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բնավորություն ունեցող մոտիվներ, բայց բոլորը պատմական իրականության ֆոնի վրա։ Եվ ահա, ինչպես վերևում էլ նշվեցին մի քանի գծեր, մեր առաջ պարզվում է ֆեոդալական դրությունն իր շատ կողմերով, արտաքին հարձակումներ, ներքին խռովություններ, թագավորից ապստամբություն, նախարարների և նույնիսկ թագավորի եղբայրների, ապստամբ տոհմերի կոտորած խորամանկ ու խաբեական միջոցներով և երդմնազանցությամբ, արյան վրեժխնդրություն, նոր ազնվականության կարգում թագավորական հրովարտակով՝ գյուղեր և այլ կալվածներ տալով նրան ի ժառանգություն, ավարառություն և այլն։ Բոլորը ֆեոդալական դարաշրջանին հատուկ իրականություն։

Մի հատկանիշ, որով այս երկրորդ հին վեպը տարբերվում է առաջինից, դա այն է, որ այստեղ պակասում է հրաշալին, գերբնականը։ Գործող անձերը, թեպետ հերոսական բնավորությամբ, բայց մարդիկ են։ Չկան հին առասպելները վիշապների մասին։ Նյութն ընդհանրապես շատ ավելի պատմական գույն ունի, մոտիկ է իրական պատմությանը, քան Վիպասանքի մեջ։ Դրա պատճառն այն է, որ պատմագիր Բուզանդը, որից գիտենք այս վեպը, մեծ մասամբ կատարելապես արհամարհում է հեթանոսական առասպելականը: Ուստի եթե եղել են հրաշալի պատմվածքներ, նա դրանք չի առել իր Պատմության մեջ։ Բայց որ գլխավորն է՝ այս պատմական վեպի երգերն ու զրույցներն իրենց գրվելու ժամանակ՝ երկար դարեր չեն ապրած եղել այն դեպքերից ու անձերից հետո, որոնց վրա հորինված են դրանք։ Որքան վեպի մեջ հիշված դեպքերն ու անձերը ժամանակով ավելի մոտենում են 5-րդ դարին, այնքան ավելի իրական, պատմական են նրանք։ Եվ այս հասկանալի է, թե ինչու։ Վեպի այդ մասերը պակաս ժամանակ ապրած լինելով, պակաս էլ ենթարկված են ավանդական վեպի հարմար սովորական փոփոխությունների, աճումների ու հարակցությունների և, այսպես ասած, առասպելականացմանը։ Բայց և այնպես այդպիսի վերջին մասերն անգամ ոչ թե իրական պատմություն են, այլ վիպական բանահյուսություն։

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՈՎԱՆԴԱԿՈԻԹՅՈԻՆԸ

1. Խոսրով և Տրդատ։— «Պարսից պատերազմի», ինչպես մեր «Սասնու Ծռերի», սկիզբը կապված է նոր տոհմերի ծագման հետ, մի կողմից՝ Հայոց Մամիկոնյան սպարապետության, մյուս կողմից՝ Պարսից Սասանյան հարստության։ Հայ Արշակունիների և Սասանյանների մեջ սկսվում է մի մեծ կռիվ, որ տևում է մի քանի սերունդներ՝ Խոսրով Մեծ, Տրդատ, Խոսրով Կոտակ կամ Փոքր, Տիրան, Արշակ, Պապ, Վարազդատ և Արշակ: Կռվի ոգին եղել են սպարապետները, որոնց մի քանի սերունդներ երևան են գալիս սկսած Մամիկոնյանների ծագումից,— Մամիկ–Կոնակ, Արտավազդ, Վաչե, (Արտավազդ) և Վասակ, Մուշեղ և Մանուել։ Վեպը վերջանում է Մամիկոնյանների հաղթանակով և փառքով։ Տեսնենք