երգեր, հարմարեցնելով դրանք նոր մեռելի վրա, կամ թե նոր երգեր էին հորինում մեռելի կյանքից՝ անելու համար նրա «գովքն», ինչպես և կոչվում է այդ երգը:
Պետք չէ կարծել, թե մեռելի կյանքից առած բոլոր երգերը ձայնարկուներն անպատրաստից են ասել։ Այլ ինչպես կոծի հանդեսի համար առաջուց պատրաստություն էին տեսնում, նույնպես և նրանք կարող էին նախապատրաստել իրենց «լալեաց բանաստեղծութիւնը», մանավանդ նշանավոր մեռելների համար, ինչպես են թագավորներն ու զորավարները: Այդպիսի բանաստեղծության մեջ արդեն՝ իրական պատմությունն առնվում էր ոչ միշտ ճշգրիտ հարազատությամբ այլ դա հորինվում էր որոշ լուսաբանությամբ, քանի որ մեռելի «գովքն» էին անում, ուստի պետք է ամեն ինչ ծաղկեցնեին։
Թե ի՛նչպես են եղել այդ երգերը, մենք այդ չգիտենք։ Դրանցից ոչ մեկը չի հասել մեզ։ Գրիգոր Նարեկացու վկայությամբ՝ այդ երգերը հորինվելիս են եղել հայրենի չափով։ Դրանք անպայման փոքր երգեր են եղել, կես քնարական ու կես վիպական, նման մեր ժամանակի լացի երգերին, ինչպես են 19-րդ դարի լացի անտունիները[1], որոնք նույն հայրենի չափով են և գալիս են մեծ մասամբ հին ժամանակներից ի վեր։ Երկատող տներով կամ բեյթերով հորինվածքն այնքան հատուկ է եղել այդ կարգի երգերին, որ «բայաթի» (=բեյթեր, տներ) բառը ստացել է նաև «մեռելի ողբի երգ» նշանակությունը, մինչդեռ այդ բառով անվանվում են առհասարակ երկատող տներից—բեյթերից կազմված փոքր երգերը, ինչպես են մեր արդի ժողովրդական քառյակները։
2. Գուսանների սկզբնական պատմական երգեր:- Երկրորդ և ավելի կարևոր տարրը, աղբյուրները վեպի համար եղել են գուսանների վիպական երգերը, պատմական երգերը, որ ասվել են ամենահին ժամանակներից ի վեր խնջույքների, ուրախության ժողովների, գինարբուքների ժամանակ։ Հայ ազնվականության գլխավոր պարապմունքը, երբ նա պատերազմ չի ունեցել, եղել է որսի հետ և խնջույքը։ Գուսանների երգով ու նվագով կատարած ուրախությունները նույնպես մտնում են վեպի մեջ։ Պապ թագավորին սպանում են խնջույքի ժամանակ, երբ նա «նայէր ընդ պէս պէս ամբոխ գուսանացն» (Բուզ., Ե. 32)։ Խնջույքի ժամանակ են սպանում և Մուշեղ սպարապետին (Բուզ., Ե. 35)։ Եվ վերջապես Արշակ թաղավորն ինքնասպան է լինում, երբ Դրաստամատն «ուրախ առնէր գնա գուսանօք» (Բուզ., Ե. 7)։
Բացի ուրախության, որ է՝ գինու և սիրու երգերից, գուսանները խնջույքների ժամանակ երգել են նաև հին վիպական երգերը, հին «երգք առասպելաց»[2]. նրանք միաժամանակ և՛ հորինել, և՛ ասել են ոչ միայն